Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ժողովրդական նախապաշարմունքներին և ամբոխային անարգ բնազդներին ծառայող դուք տխմար հովիվներ, ես եմ դարձյալ խոսողը ձեզ հետ,– լեռների վրա սավառնող, ամպերի բարձրության և գիտակցության կրակը գողանալու ձգտող—ըմբոստ ոգին։

Ես ձեզ հետ եմ խոսում, գծուծ նախրորդներ, որ «ժողովրդյան շահերին ծառայողների» բարեպաշտ ժպիտներ հագած՝ խուսափում եք մերկ ճշմարտությունից, որպես բուն՝ շլացնող լույսից։

Կուրացրին ձեզ իմ նետած ճառագայթները։ Ժայթքածս կրակը մրկեց ու այրեց բոլոր ձեր կշիռները, որոնց մեջ աղտոտվում էին մարդկային ոգու ըմբոստացումները։

Ասո՛ւմ եմ ձեզ ահա. «Նա է միայն ծառայում ճշմարտության, ով ատելի է ամբոխին»։

Ասում եմ ձեզ ահա. «Նա է միայն ճշմարիտ առաքինին, ով անխնա կտրտում է ձեր կաղապարային առաքինությունների գլուխը և խլում ձեր կոշտ ձեռքերից՝ ժողովրդյան խոհերի կշիռը, ջարդում բոլոր ձեր փտած տախտակները»։

Եվ ահա այդ պատճառով, բերում եմ ձեզ դարձյալ արծվի ձագը, շիկացած երկժանին, ազատ մնացող կայծը, որ անցնեն նրանք սուրալով, կոխոտեն ձեր բորբոսնած բարոյականությունը, ձաղկեն ձեր քարոզած պարտականությունները։

Եվ ահա այդ պատճառով, գալիս եմ դարձյալ խարանելու ձեր ճակատը և խլացնելու ձեր սողունային պաղատանքները։


* * *

Ծամածռեցիք ասածներս. «Ժողովրդի մեծ բարեկամներ» կոչելով ձեզ՝ գլխիվայր հնչեցրիք երգերս ամեն կողմ. հասկացաք ասածներս, բայց չկամեցաք հասկացնել ամբոխին և ծաղրի տվիք ըմբոստ ոգու սեգ կոչերը։

Բայց ոգին, որին ծաղրեցիք, խոհերը արյունով ներկեց, տանջանքի ու վշտի խանդով տոգորեց և այժմ ահա ժայթքում է նրանց, կրակ դնում ձեր ծամածռող դեմքերի վրա և արյունոտելու գալիս ձեր աղոթք մրմնջող շրթունքները։

Երբ միտքը վճռում է անցնել պատվարներ—նա չի՛ խորհում վախենալու որևէ սահմանապահ պաշտոնյայից։

Անցնում է նա ամեն պատվար, անցնում համարձակ։ Մտքի ազատությունը հաշտ չի՛ ապրում պատվարի և ստամոքսի հետ։