Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ միտքը առյուծ դառնալ է երազում—նա չի՛ մտածում, թե ի՞նչ կկարծեն ոչխար լսողները։ Ազատ ու լայն բացվող թևերը հաշտ չեն ապրում խոհանոցային շրջափակների հետ։ Չի՛ կարելի չորս գծից հեռու քայլ դնել, եթե գլուխը ստամոքսի մեջ է ապավեն որոնում։

Հանել է պետք խոհերը աղտոտ ճահիճներից և հնչեցրել է հարկավոր նրանց այնքան բարձր, որ լեռը թեև փլչի վրադ, բայց ըմբոստ ոգիդ քեզ ավելի վեր հանի, քան ամեն լեռ։

Եվ քեզ, արածո՛ղ նախիր, դարձյալ ապտակելու եմ եկել ես։ Իմ ապտակը թող խանձե կեղտի տառթ կապած դեմքդ և ուղղե կորացած ողնասյունդ։

Այդպես եմ խոսում ես քեզ հետ, արածող-ստրուկ նախիր։

Եթե դու ինձ չես ըմբռնում, գնա դարձյալ անարգ բնազդներիդ ծառայող հովիվներիդ մոտ, և թող նոքա ծամածռեն խոսքերս՝ քեզ գայլերի ոհմակ դարձնելով ըմբոստ ոգու դեմ։

Գնա՛, եթե տաք է «պարտականություններիդ» ախոռը քեզ համար և եթե քաղցր են քո ուղեղին՝ խոնարհական առաքինություններիդ շարքը։

Ծաղրեցի «երկայնամտությունդ և խոնարհությունդ», թքեցի «առաքինություններիդ» վրա, «համեստությանդ ու բարությանդ» գլխին քարեր գլորեցի, և դու զայրացար ու հովիվներիդ ինձ վրա արձակեցիր։ Ուզում եմ այժմ ավելի զայրացնել քեզ, ծռված ողնաշար։ Ուզում եմ մի առ մի կտրել բոլոր «բարեմասնություններիդ» հաստ գլուխները և նրանց պատվանդանի վրա կանգնեցնել քո նոր աշխարհը։

Պիտի կարողանա՞ս արդյոք շնչել այս նոր ազատ օդի մեջ։ Այդ միայն կարող է ուղղել կորացած վիշտդ։ Եթե մաքուր և ազատ օդը սպանում է քեզ, մեռիր ուրեմն, գարշ զեռունների կույտ, որովհետև առաքինություններդ—ահա դարեր են անցնում—միմիայն ստրուկ սերնդով լցրին դրախտ երկիրդ։

Հայրենիքդ պղծեցիր ծառայական գծուծ հատկություններով, մեծ ապագայի լույսերը ծաղրի առարկա դարձրիր, շքեղ գաղափարները փոշիացրիր տափակած ուղեղիդ կնիքով և այժմ ահա լզում ես զարնող ձեռքերը և մուրում այն, ինչ պիտի կորզեիր։

Իմ ապտակը թող կռան լինի, փշրե մուրացող ձեռքդ և պայթեցե արտասվող աչքդ։

Իմ ապտակը թող բոց լինի և վառե հովիվներիդ խոնարհություն քարոզող անարգ լեզուները։

Այսպե՛ս եմ խոսում ես քեզ հետ, արածող նախիր։