Գա՞յլ եմ ես, գայլայի՞ն են երգերս։
Ո՞րն է քեզ փրկողը գլուխդ կռանի տա՞կ, թե՞ կռանը ձեռքիդ մեջ։
Ո՞րն է քեզ բարձրացնողը գայլային վարդապետությունը, թե՞ վարդապետներիդ գայլությունը և ոչխարային պարտավորությունների մասին քեզ ավանդած թմրեցնող խրատները։
Ճչա՛, կատաղի՛ր նույնիսկ այս երգերիս դեմ, բայց սովորիր գոնե ճչալն ու կատաղելը։
Այդպե՛ս դու կարող ես չորս ոտքդ երկուսի փոխել, «առաքինություններիդ» հաստ գլուխները ջախջախել և ծռված ողնասյունդ ուղղել կանգնեցնել։
Այդպե՛ս դու կարող ես սրբել բորբոսեցնող արժեքներիդ բոլոր հին տախտակները և նրանց վրա նորերը դրած՝ ամպերի հասնել։
Այդպե՛ս դու կարող ես մտրակի ծայրն ուրիշին և կոթը ձեռքդ առնել, նրանով ջախջախել հովիվներիդ խոնարհ քարոզները, քարոզվող խոնարհությունները։
Սիրո՛ւմ եմ ես աղմկողների, սիրո՛ւմ չարերի և կռվարարների, բայց երբեք վզերին օղ կրող ստրուկների և ձեռքի ափը միշտ պարզած մուրացիկների։
Սիրո՛ւմ եմ զգացմունքների ներշնմամբ ամեն բան խեղդող հոխորտ առյուծների, բայց երբեք՝ պարտավորությունների համար զգացմունքները խեղդող անարգ զեռունների։
Եվ այդ պատճառով գարշում եմ, երբ ճնշում ես սիրտդ, մտքերդ կաշկանդում, ուղեղդ շրջանակավորում։
Եվ այդ պատճառով՝ ատո՛ւմ եմ քեզ, երբ ամբոխային կարծիքների տակ թևերդ ես ծալում–գոցում և սիրտդ, արյան տեղ՝ երկյուղի ջրով միայն լցնում։
Եղի՛ր համարձակ, արածո՛ղ նախիր, խլիր, բայց մի՛ մուրա, գոռա, բայց մի՛ աղերսի, զարկ, բայց մի՛ խոնարհվի և ջարդիր, փոշի դարձուր կապեր, պատվարներ, սահման ու շղթա։
Այդպե՛ս դու կարող ես լեռները մագլցել, ազատ օդով թոքերդ մեծացնել և զգացմունքներիդ շնչով ամեն կապ փշրել։
Այդպե՜ս դու կարող ես մարդ լինել, կարծիքների բեռան ծանրությունը մի շնչով փոշիացնել և փտեցնող առաքինություններդ ծաղրով ու քրքիջներով ցրել-ոչնչացնել։