Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օձուկն էլ տեսավ, որ մեծ շունը՝ Զեբը, իրեն չէր վնասում։ Ժպտաց վախախառն քծնող մի ժպիտով.— դա մարդկային ոգու նշանն էր — սիրտ առավ և սկսեց խաղացնել գայլուկներին։

«Ի՞նչ կա,— մտածեց բարի գայլուհին.— մանուկներս սիրեցին Օձուկին. կպահեմ ինձ մոտ և կսովորեցնեմ, որ մեծանա էլ, մեզ հետ բարեկամ մնա…»։

Բայց ի՞նչ պետք էր անել տանտեր Սարհոնին, որ նա Օձուկին իր ստամոքսը չմտցներ…


3

Այդպես էր մտածում բարի Զեբը, երբ քարայրը ծածկող մացառները շարժվեցին, և հսկա Սարհոնը փոշոտ, հևալով՝ ներս ընկավ։

Գզգզված էր նա. այնքան հոգնած, որ ոչինչ չնկատեց։

Գնաց մի անկյուն և ընկավ ցած։

Վախեցավ Զեբը, վազեց դեպի նա։

— Ի՞նչ է եղել քեզ, սիրելիս,— հարցրեց սարսափած։— Այդ ի՞նչ փոշի է վրադ, հագուստդ ինչո՞ւ է բզիկ֊բզիկ եղել… վա՜յ ինձ, արյուն կա ոտներիդ վրա. ո՞ւր էիր, ի՞նչ պատահեց։

— Թող քիչ շունչ առնեմ, կին դու,– մռմռաց Սարհոնը հոգնած ձայնով.— մահվանից ազատվեցի. քիչ մնաց, որ ինձ այլևս չտեսնեիք։

Սամն ու Սիդը հորից վախենում էին և դրա համար էր, որ երբ Սարհոնը ներս ընկավ, նրանք թողին Օձուկին ու մի կողմ քաշվեցին։ Իսկ Օձուկը մի տեսակ սարսափ զգաց տանտիրոջ մեծ հասակից և արյունով լիքը աչքերից, ետ-ետ քաշվելով գնաց մի մութ խորշ ու կծկվեց այնտեղ։

— Խոսի՛ր, մա՛րդ,— ճչաց գայլուհին,— ասա՛ տեսնենք որտե՞ղ էիր, ի՞նչ է այդ վիճակդ։

Այն ժամանակ Սարհոնը, որ աչքերը քիչ փակել էր և մեջքի վրա գետին փռվել, բարձրացավ, կռթնեց պատին ու ասաց դողդոջուն ձայնով.

— Պատմեմ, թե ինչո՞ւ այսպես եղա։ Քիչ մնաց ինձ սպանեին այսօր։ Գնացի անտառի խորքերը, թփի տակից մի չաղ նապաստակ գտա և ընթրիքս արի նրանով. հետո, որովհետև կշտացել էի, ընտրեցի մի զով տեղ ջրի եզերքում և քիչ թեք ընկա։ Սքանչելի էր եղանակը, փչում էր մեղմ քամին, կչկչալով վազում էր ջուրը, մարզերի ախորժելի կանաչությունը զմայլեցնում էր։ Ես վայելում էի բնության գեղեցկությունը և հանգիստ սրտով պատրաստվում էի մրափելու… երբ հանկարծ, ինձնից ոչ շատ հեռու լսվեց մեր սոսկալի թշնամու ձայնը. մեր այն ցեղակիցներից