ՍԱՀԱԿ.— Լավ դե… Գնա հագնվիր… Մեկ էլ, որ ցած խոսաս ու թողնես Սաշային քնի՝ լավ կանես։
ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Գնալով): Լա՛վ, լա՛ վ. էդ խոսքերը դու սուդյին ասա, որ առանց գոռգոռալու չի խոսում։ (Գնում է):
ՍԱՀԱԿ.— (Հագել է. վրան-գլուխն է շտկում. պատշգամբից նայում է մեկ, հետո գնում է դեպի մուտքի դուռը)։
ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ամառվա հագուստ, կոկարդով գլխարկ։ Ներս է մտնում ծանր և դռան միջից)։ Դե՛հ աչքներդ լույս, Սահա՛կ… Ուզեցի ավելի շուտ գալ, բայց ասացի՝ քնած կլինի… (Ձեռք է տալիս): Ո՞նց է մեր Ալեքսանդրը… բա ո՞ւր է… (Գլխարկը հանում է, քրտինքը սրբում): Է… տղեդ էլ եկավ… Յո՛ւրիստ, հը՞… Հայ-գիդի–հա՜, յու՜րիստ… Խո ավարտե՞լ է…
ՍԱՀԱԿ.— (Ժպտուն)։ Համեցե՛ք… Շնորհակալ եմ… իհարկե ավարտել է. դեռ էլի՞ չավարտեր…
ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Դիպլոմով, հը՞… Ա՜յ կուռես, հա՜… (Լուրջ): Է՛հ, փա՜ռք աստուծո… (Նստում է)… Լա՛վ ժամանակին հասավ, է՛լ նեղություն չես քաշի… բա ո՞ւր է, մեկ գար տեսնեի՛նք էդ յուրիստին. ախր պաշտոնակից դարձանք հիմա…
ՍԱՀԱԿ.— Քնել է. հոգնած էր։
ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ծիծաղով)։ Ո՛չ հավատամ սուտ-Քրիստոսի… Էն է Թիֆլիս մտած, օգնական գրվելիս լավ հանգստացած կլինի, է՛լի:
ՍԱՀԱԿ.— Չէ՛, Մատվե՛յ Եգորիչ, Թիֆլիս դեռ չի մտել, հետո է գնալու… Ասում է, որ փափագում էր առաջ ծնողներին գրկել, հայրենիքը տեսնել, նրա լեռնե՜րը… Չորս տարի էր, ախր, որ մեզ չէր տեսել…
ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Բաս ասա, որ էլի ֆանտազյոր է մնացել, էլի՜… Տո՛, «հայրենի լեռնե՞րս» որն է… Չե՞ս լսել, որ ասում են, թե՝ «Հիմա՛րը զհայրենիս խնդրին, իսկ իմաստունը՝ հանգիստ յուրյանց»… (Լուռ): Հոռոմսի՞մը բաս ուր է. գար մեկ նրան էլ աչքալուսանք անեինք… Խեղճը շա՛տ ուրախացած կլինի…
ՍԱՀԱԿ.— (Նստում է)։ Դե իհարկե… Հագնվում է, կգա… Մարգարիտա Օսիպովնան չի՞ գալու։
ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Կգա, եղբա՛յր, նա՛ էլ կգա… Կանանց բանը չգիտե՞ս… Մինչև հագնվեն, մինչև… Շատ ասաց, որ սպասեմ իրեն, բայց չհամբերեցի. ուզում էի մեկ ձեր ուրախությունը տեսնեմ… Բաս ասում ես ավարտել է, էլի՞… Առաջ, իհարկե, պամոշնիկ