Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՀԱԿ.— (Տիկին Վարակյանին)։ Ինչպե՞ս չէ, իհարկե կսկսի։ (Շարունակում են լուռ խոսակցությունը

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գրիգորին)։ Նո՛ւ, եղբա՛յր… Դա արդեն օրենքի գործ է… Եթե թուղթ ունե՛ս… Կանոնավոր մուրհա՛կ… (Շարունակում են լուռ խոսակցություն

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Սահակին)։ Բա Հոռոմսի՞մն ինչու չի երևում… Չլինի՞ ներսում պատրաստություն է տեսնում… Ի՛հ, նա էլ.. Մենք խո չե՞նք եկել ուտել–խմելու։

ՍԱՀԱԿ.— Ա՞յդ ինչ խոսք է… Այս րոպեիս ասեմ գա… (Գնում է դեպի դուռը):

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.- (Դիմում է Սահակին)։ Գիտե՞ս ինչ, Սահա՛կ… Էն լավ տանձերիցը… Մի-մի րյումկա արաղ… Ընենց մեկ…

ՍԱՀԱԿ.— Իսկույն, անպատճառ… Մի քանի հատ էլ խիար…

ԳՐԻԳՈՐ.— Մատվեյ Եգորիչի ճաշակը խո գիտե՞ս։

ՍԱՀԱԿ.— (Ժպտալով նշան է անում և դուրս գնում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ Թերեզայի, քրոջ ու տիկին Վարակյանի հետ մոտեցել են պատշգամբի բաց դռանը)։ Այնքա՜ն կարոտել էի մեր հայրենի լեռներին, դաշտերին ու ջրերին… (Ցույց է տալիս) Նայեցե՛ք մեկ… Ի՞նչ կա ավելի շքեղ ու գեղեցիկ, քան մեր այս անտառը, այդ լեռն ու ապառաժները, այդ կարկաչուն գետը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Նստած տեղից՝ ծաղրով)։ Էլի՜ ինչ… Երևում է, որ Մոսկվայի շրջակայքը գնալու միջոց չես ունեցել… Տո՛, ես Պետրովսկի-Ռազումովսկի լիճը հենց սաղ հայրենիքիդ հե՛տ չեմ փոխիլ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Նրան)։ Դուք սխալվո՛ւմ եք, Մատվեյ Եգորիչ… Ի՞նչ կա այնտեղ, որ համեմատվի մեր երկրի այս բարձր ու շքեղ լեռներին, այս զվարթ, արևի տակ փայլփլող, վազուն ջրերին, այդ կանաչ-ժպտուն մարգագետիններին… Ա՛յ, նայեցե՛ք, օրիո՛րդ։ Նայեցեք հեռվի այդ սիրո՜ւն արտերին, հանդվորների այդ խմբին…

ԹԵՐԵԶԱ.— Դուք բանաստեղծ եք եղել, Ալեքսա՛նդր Սահակի՛չ… Երևի գրո՛ւմ եք, մինչև իսկ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՜ւ… Պրիսյաժնի՜ — և բանաստեղծ… Լա՛վ, Սաշա՛, թե աստված կսիրես… Զզվեցրե՛լ են մեզ այդ քո դաշտերը, լեռները, մշակներն ու հանդը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Երբե՛ք… Երբեք ես չեմ զզվի… Ուրախությամբ կերթամ այդ լեռներն ի վեր մագլցելու. այդ արոտի, այդ նախիրների մոտ. և հետո՝ տեսնելու մեր թշվա՜ռ ու ճնշված գյուղացիների աշխատանքը։