Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտությունն ու անկեղծությունը որպես դևիզ գրեց իր դրոշակի վրա ու մտավ հալածված ու հարստահարված ամբոխի մեջ: Հարվածեց աջ ու ահյակ թառած անգղերի, որոնք կրծում են մարդկության սիրտը, սարդերի, որոնք ծծում են ընկերության հյութը, գործողի վաստակը և որոնք ճարպացած՝ պաշարել են ընկերության առաջադիմաթյան ճանապարհը:

Հարվածեց նա մարդուս ցավեր հասցնող, մահացնող պարազիտների, մատը դրեց այն վշտերի և վերքերի վրա, որոնք ավելի շատ գոյանում են եղբոր կողմից, քան օտարի, և նա զայրույթով գոռաց որ ո՛չ թե ուրիշ արարած է մարդուն թշվառացնում, այլ մարդն է մարդուն ուտում, հոշոտում, պատառոտում և հարստահարում, և որ, եթե այդ չլիներ, մարդկությունը վաղուց ի վեր ազատված կլիներ գազանների կամ այլ արարածների հարվածներից, տիրապետած կլիներ բնության երևույթներին, ըմբռնած կլիներ նրա շատ գաղտնիքները և իր ճակատագրի տերը եղած։

Գոռաց ու գոչեց նա համարձակ, որ տգիտությունն ու խավարը, վիշտն ու թշվառությունը մարդուս համար գոյացնում է ի՛ր ընկերը, ի՛ր դրացին, ի՛ր եղբայրը, և որ այդ եղբայրասպան, եղբայրադավ վարմունքն է միակ պատճառը բոլոր կեղտերի, անիրավությունների և թշվառությունների…

Բայց նրան ծաղրեցին, նրա «միամտության» վրա ծիծաղեցին, անձնանվիրությանն էլ «խենթություն» անունը դրին։

— Ինչի՞ դեմ ես կռվում, — ասացին նրան, — չէ՞ որ գոյության կռիվը անհրաժեշտ պայման է առաջադիմության, կատարելագործության, իսկ գոյության կռիվը ունի այդպիսի հետևանքներ, ուրեմն և այդ բոլորը բնական է։

— Մի՞թե այդ բոլորը բնական է,— աղաղակեց նա,— մի՞թե աշխատանքը կեղծության ու անիրավության պետք ունի, մարդկությունը ստության ու միմյանց պատառոտելու պահանջ՝ որպեսզի գոյություն ունենա, առաջադիմի…

— Այո՛, — պատասխանեցին նրան,— արարածները միմյանց ուտելով գոյություն ունեն, եղբայրները միմյանց զրկելով են աճում, իսկ այդ անելու համար հարկավոր է կեղծություն, սուտ և անիրավություն…

— Մի՞թե ես մոլորված եմ, — մտածեց նա հուսահատաբար, — մի՞թե դարձյալ խաբվեցի…

Եվ այդպես, իմաստունը իր ոգևորության մեջ հանկարծակիի գալով շփոթվեց և չգիտեր ինչ անել։ Գիտեր, զգում էր, որ մարդկանց ասածը ճիշտ չէր և որ այդ այդպես չպիտի լիներ։ Նա լավ գիտեր, որ նյութական հավասարությունը կարող էր վերջ տալ բոլոր