Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Ասենք, իհարկե, աստծով՝ քաղցած չենք մնա… բայց դե քաղաքումը փող կաշխատեիր, մեր…

ՍԱՀԱԿ.— (Արագ՝ միջահատում է)։ Լա՛վ, լա՛վ… Թո՛ղ, Սաշա, թո՛ղ այդ բոլորը։ Ի՞նչ ես շտապում… Քիչ հանգստացիր, ամառս մնա՛, կազդուրվի՛ր… Դեռ օր շա՛տ կա։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՛ւ, իհարկե, իհարկե, եղբա՛յր։ Հո այս վերջին անգամը չէ՛, որ տեսնվում ենք։ Էլի՛ կհանդիպենք, էլի՛ կխոսենք… Ինքդ էլ մեկ աչքովդ կտեսնես, մեր գործերի ու մարդկանց հետ կծանոթանաս… (Վերցնում է տանտիկնոջ աոաջարկած թեյը և նստում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լուռ ժպտում է, հետո Թերեզայի և Մարգոյի հետ անցնում է դեպի լուսամուտը

ԳՐԻԳՈՐ.— (Թեյ խմելով)։ Գյո՜ւղ, գյո՜ւղ… Որ չե՞ն ասում: Ի՞նչ կա գյուղումը… (Սահակին)։ Եվ ո՞վ է դրա գլխի մեջ լցրել, թե գյուղում հարստահարում են, գյուղում օրենքը հասկացող չկա… Բաս Մատվեյ Եգորիչը օրե՞նք չգիտե. բաս մենք, որ կյանքներս դատարաններումն ենք անցկացրել… Հենց ամե՛ն մի գյուղացի… Օրե՞նք չգիտեն… Ապա՞, թե կարող ես, խաբի՛ր մեկ մի գյուղացու…

ՍԱՀԱԿ.— Դե իհարկե… (Քիչ կամաց)։ Ջահել է… Նո՛ր է ավարտել։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.—Հա՛, իհարկե, դեռ քամիներ կան… Գրքեր, լրագիրներ է կարդացել… Հա՜յ-հարա՜յ, գյուղերումը թալանո՛ւմ են, հարստահարո՜ւմ, փաստաբա՜ն չկա, սուդիեն կաշառակե՜ր է. չգիտեմ՝ օրենքը չե՜ն գործադրում, վաշխառունե՜ր կան… Թո՛ղ մեկ գան հենց մեր արխիվը քննեն, թե մի հատ վեքսիլ գտնեն՝ 40 տոկոսով գրա՜ծ… Բաս ես օրե՞նք չգիտեմ, թո՞ւյլ կտամ…


6) Նույնք և Արշակ (գյուղական տանուտերը)


ԱՐՇԱԿ.— (Երևում է դռան մեջ)։ Բարև ձեզ…

ՍԱՀԱԿ.— (Ելնում է, գնում դեպի նա)։ Ա՛յ, համեցեք, տանուտե՛ր… աչքներիս-գլխներիս վրա։

ԱՐՇԱԿ.— (Սեղմում է նրա ձեռքը և լուռ շնորհավորում):

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ուռա՜, տանուտե՛րն էլ եկավ…

ԱՐՇԱԿ.— (Մոտեցող Ալեքսանին)։ Բարի եք եկել, պ. Ալեքսանդր։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Սաշա , մեր տանուտերն է, հա՛, էդպես ջահել… Դե՛հ, էլ ի՞նչ արած, աշխարհս հիմի ջահելներինն է… Ուսում առա՛ծ է, հաա՜… Ներսիսյանո՛ւմն է սովորել, մի քիչ էլ փիլիսոփա է… (Ծիծաղ