Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նո՛ր ա եկել, ջահե՛լ էս… Ես գիտեմ, կերթա Թիֆլիս… Քաղաքի սովորը՝ գեղից շուտ կզզվի։ Թող հլա մեկ ամառս հանգստանա։

ԳՐԻԳՈՐ.— Թող հանգստանա, քե՛ֆ անի։ Իմ տո՛ւնս էլ առաջը բաց, իմ բաղերն էլ… Շուտ-շուտ ղրկեք մեզ մոտ. Թերեզան էլ հազր մի կրթված մարդու երես կտեսնի…

ՍԱՀԱԿ.– (Աղաչավոր): Մնացեք մեզ մոտ… ընթրեի՛նք…

ԳՐԻԳՈՐ.— Չէ՛, գործեր կան… Մարդի՛կ են գալու մոտս… Հա՛… (Էլի մի կողմ է տանում Սահակին)։ Մուրհակիդ ժամանակը մի-երկու ամիս է մնում, գիտե՞ս… Դե լավ, հոգս մի՛ անի, ես քեզ նեղություն տվողը չեմ… Չես կարող՝ ջա՛նդ սաղ ըլի… Հլա կուզես՝ պատռեմ-գցեմ։ Սաշա՛յին ղուրբան անեմ, նա էլ… Մի քանի հազարը ի՞նչ բան է, որ քեֆդ կոտրեմ… Ոչի՛նչ, թող մնա. երբ կարողանաս, Սաշան աշխատի…

ՍԱՀԱԿ.— (Ուրախ թոթվելով)։ Շնորհակալ եմ… Թազացնենք բաս մուրհակը:

ԳՐԻԳՈՐ.— Չէ՛, ի՞նչ հարկավոր է… քեզնից ուզո՛ղը չկա։ Երբ Սաշան աշխատի՝ կամաց-կամաց կտաք։

ՍԱՀԱԿ.— Ո՛ղջ մնաս… Թեթևացրիր ինձ. թե չէ՝ ի՞նչ պիտի անեի։ Մի մե՜ծ բեռից ազատեցիր ինձ…

ԳՐԻԳՈՐ.— Քեֆդ քյո՛ք պահիր… Հա՛, Սաշային էգուց մեր տո՛ւն բեր. դուք էլ եկեք մեզ մոտ ճաշենք, մի քիչ խոսենք… բարեկամանա՛նք… (Մոտենում է տիկիններին)։ Դեհ, գնա՛նք, Սաթենի՛կ… (Ձեռք է տալիս տանտիկնոջը)։ Մնա՛ք բարև…

(Իրար ձեռք են թոթվում, հայկական ձևերով բարևներ. ճանապարհ են դնում հյուրերին, դռան միջից՝ բարևներ)։

ՍԱՀԱԿ.— (Ներս է գալիս, ձեռքերն ուրախ շփում է, հետո՝ դեպի սեղանը գնացող կնոջը)։ Լսեցի՞ր, ա՛յ կնիկ… Սկի՛ չէի հավատա: Գիտե՞ս, մուրհակն ուզում էր պատռի, պարտքս ոչնչացնի։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Ապշած)։ Բու՜յ… Հրա՞շք ես պատմում։

ՍԱՀԱԿ.— Բա՜ս… Ասում է՝ թող Սաշային ղուրբան լինի… Ասում է՝ չե՛մ ուզում, թող մնա, երբ Սաշան աշխատի… (Խորհրդավոր): Չէ՛, ինչպես տեսնում եմ, Սաշան կպավ աչքին։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Սեղանին է մոտենում և սկսում հավաքել)։ Հա՛, ի՜նչ լավ կլիներ։ Թե՛ պարտքիցը կազատվեինք, մեր տունն ու բաղը կպրծացնեինք, թե՛ փող էլ կտար վրան… (Դառնում է դեպի ներքին դուռը և ձայնում)։ Կիրակո՛ս… (Ամուսնուն)։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում։