Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռուբլու պահա՛նջ դնել, ծերունու և նրա ընտանիքի ապավեն այգի՛ն խլելու ելնել… Ինչի՞ նման է սա: Մե՛կ չէ, երկո՛ւ չէ… Ամբողջ մի ամիս է, ինչ հարստահարության պատմություն եմ լսում – միայն և մի՛շտ այդ մարդն է երևում մեջտեղ, իր սարդային արյունո՛տ ճիրաններով։ Ո՛չ ոքի չի խնայել, ո՛չ ոքի…

ՍԱՀԱԿ.— (Լուռ և գլուխը խոնարհած): Այո՜…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ավելի բորբոքված)։ Մեզ բարեկամություն է ցույց տալիս, զգո՛ւմ է, որ պիտի բացվե՛ր ինձ համար նրա աղտոտ դեմքը, գյուղացի՛ք պիտի դիմեին… Եվ կամենում է իր խոստումներով հորդորել ինձ՝ հեռանալու գյուղից, արգե՛լք չլինելու իր խայտառակություններին… Բայց օ՜, նա ինձ լա՜վ կտեսնի և լա՛վ կզգա… Չպիտի հեռանամ ես. պիտի մնամ և նրան քշե՛լ տամ այս կողմերից…

ՍԱՀԱԿ. — Սա՜շա, ի սեր աստծո, ինչե՜ր ես ասում, մտածի՛ր մեկ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Միշտ բորբոքված)։ Մտածելու պե՛տք չկա։ Երդվե՛լ եմ ես արդարության կողմը լինել։ Ես դրա՛ համար եմ ուսել… Ւնքդ էլ տեսնում ես. թշվառների դառն քրտինքո՜վ է հարստանում այդ մարդը. ճզմո՛ւմ է ամենքին. կրակ դրել՝ գյո՛ւղն է վառում… Էլ ո՞ր օրվա համար ուսում առա. ինչո՞ւ բերնիցդ զրկեցիր և փող ուղարկեցիր ինձ. որ արդարությունը պաշտպանելու համար զինվեմ ու զինավարժվեմ…

ՍԱՀԱԿ.— (Միջահատում է)։ Սպասի՛ր, Սա՛շա, մի տաքանա… Ախր որ ամեն բան չգիտե՜ս… Գուցե սո՛ւտ են ասում, թշնամությո՛ւն անում… (Տխուր և ինքը իր համոզմանը դեմ)։ Ա՛խ, գուցե՛, գուցե… Բայց ի՞նչ ասեմ… Հոգուս ինչո՞ւ մեղք բառնամ… Ճի՛շտ են, ճի՛շտ՝ բոլորը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Ահա՛, տեսա՞ր… Դո՜ւ էլ ճշտում ես ուրեմն։ Ես չեմ հասկանում դրանից հետո, թե ինչո՞ւ երկու շաբաթից ի վեր դու արգելում ես ինձ նրա դիմակը պատռելու, նրան դատարան քարշ տալու, ճզմելու և ոչնչացնելու…

ՍԱՀԱԿ.— (Հուսահատ): Սպասի՛ր… (Հուզված ելնում է, տրորում ճակատը։ Հետո հանկարծ շուրջն է նայում, վարանում է և հուսկ, ուրեմն վճռականորեն մոտենում է որդուն, բռնում նրա թևից և՝ խռպոտ շշուկով)։ Լսի՛ր, Սա՛շա… Ո՛չ, այլևս չե՛մ կարող ծածկել… Լսիր, ի՛նչ կասեմ… Ե՛տ կաց այդ գործից, հանգիստ թող Գրիգոր աղային… (Ավելի հուզված)։ Եվ կամ, որն ավելի՛ լավ է, գնա՛ քաղաք. թո՛ղ գյուղը, թո՛ղ, խնդրում եմ քեզ, աղաչո՛ւմ եմ՝ թո՛ղ…