Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ետ է քաշվում զարմացած)։ Ինչպե՞ս, թողնե՞մ գյուղը… Գնա՞մ… Ձանձրացրի՞ ձեզ արդեն, ինձ վռնդո՞ւմ ես…

ՍԱՀԱԿ.— (Նեղացած)։ Ախ, չէ՛, որդի՛ս, չէ՛, աստված գիտի՛, որ չէ… Ի՛նձ էլ, մե՛զ էլ հետդ տար։ Գնա գործերդ կարգի դիր՝ մե՛նք էլ գանք… Հերի՛ք է այստեղ… Է՛լ չեմ կարող…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Բայց ինչո՞ւ, ի՞նչ է եղել… Ինչո՞ւ ես թաքցնում որդուցդ, ի՞նչ կա… (Բռնում է հոր թևից և քիչ լուռ՝ սպասում, հետո՝ խիստ): Խոսի՛ր, հա՛յր, ուզում եմ իմանալ, վերջապես… (Քիչ լուռ, հետո՝ ծիծաղելով)։ Կամ գուցե վախենում ես… որ հաղթվե՞մ, նա արդա՞ր դուրս գա և ինձ անպատվի՞… (Քրքիջ)։ Ինչ վախկո՜տն ես եղել, հա՛յր… (Քաջ)։ Մի՛ վախենա, ի՛մ կողմն է արդարությունը՝ թեկուզև հաղթվեմ ես, լռեցնե՛ն ինձ… Բայց ես կխոսեմ ամեն կերպ, կգոռա՛մ… Եվ վերջապես՝ խամ չեմ ես, գիտեմ օրենքները, փաստե՛ր ունեմ…

ՍԱՀԱԿ.— (Ավելի հուզված): Չէ՛, չէ՛… ա՛յդ չէ… (Նստում է և գլուխը ձեռքերի մեջ առնում։ Մի վայրկյան լռություն է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Հա՛յր…

ՍԱՀԱԿ.— (Գլուխը բարձրացնում է և պղտոր հայացքով նայում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ծանրակշիռ): Խոսի՛ր, հա՛յր… Ի՞նչն է քեզ ստիպում պաշտպանել նրան… Չլինի՞ դու էլ, գյուղացոց նման, մտածում ես, թե… Խոսի՛ր, վերջապես, հա՛յր… (Մոտենում է և կողքին նստում): Ուրեմն այդ չէ քո պաշտպանության պատճառը, չէ՞…

ՍԱՀԱԿ.— (Վճռականորեն): Ոչ, այդ չէ… Եվ ո՞րտեղից ՛հանեցիր, որ ես նրան պաշտպանում եմ… Աստվա՛ծ էլ գիտե, մարդի՛կ էլ գիտեն, որ նրա ո՛չ մի գործի մեջ չկա՛ արդարություն, որ այդ հարստությունը դիզված է՝ խեղճերին կողոպտելով… Ես չե՛մ պաշտպանում, ո՛չ. բայց ես ի՛նքս, մենք, դո՛ւ, մայրդ և քույրդ… բոլո՛րս էլ նրա ձեռքի մեջ ենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վեր է թռչում տեղից)։ Ինչպե՞ս… Մե՞նք, նրա ձեռքի մե՞ջ… (Հանկարծ հասկանում է)։ Ուրեմն դո՛ւ… դու պա՞րտք ունես նրան… Պարտքե՞ր ունես դու… և այն էլ՝ նրա՞ն… (Հուզմունք)։ Ո՞րքան է. և ինչո՞ւ… (Ավելի հուզված և հուսահատ)։ Նրա ձեռքի մե՞ջ… ե՜ս, բոլո՜րս… (Հորը)։ Իսկ դու փող չունե՞ս, չունե՞ս նրան տալու… Եվ շա՞տ է այդ պարտքը…

ՍԱՀԱԿ.— Հինգ հազար։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սոսկումով)։ Հի՜նգ հազար… Բայց ինչո՞ւ, ի՞նչը ստիպեց քեզ պարտք անելու… Եվ ինչո՞ւ ինձ չէիր գրում այդ ամենը…