Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեղծո՛ւմ են, դիտմա՛մբ աղքատ ձևանում, գանգատվում են և դժգոհություն հայտնում անտեղի կերպով… Չգիտեմ, ճշմարիտ, թե որքա՛ն իրավացի են այդպես ասողները…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ձեզ խաբե՛լ են, օրիորդ… Եվ այդ նրա համար են խաբել, որովհետև տեսել են, որ լա՛վ սիրտ ունեք, կարող եք հուզվել անիրավությունից… գուցե մինչև իսկ բողոքել, աղմուկ հանել… Դուք էլ անձամբ չեք կարողացել և կամ չե՛ք ջանացել իմանալու… (Քիչ լուռ)։ Բայց, եթե կուզեք, ես, իբր նմուշ, մի քանի խոսքով նրանց ցավերից մի ամենածանրը պատկերացնեմ ձեր առաջ…

ԹԵՐԵԶԱ.– Խնդրեմ. շնորհակալ կլինեմ… Հիրավի, այժմ մտածում եմ, որ ես չափազա՛նց տգետ եմ մնացել և շուրջս կատարված իրողությունների խորքը թափանցելու չե՛մ ճգնել… Եվ դուք այնքա՛ն լավ եք խոսում, որ… ինձ հաճո՛ւյք է ձեզ լսել… Դե՛հ, խոսեցեք… (Թեթնամտաբար՝ ծիծաղելով)։ Երևի սոսկալի բաներ եք պատմելու, չէ՞… (Կոկետաբար): Ա՜խ, դուք ֆանտազյոր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դեմքը կնճռելով): Ֆանտազյո՞ր… Այդպե՞ս եք համարում դուք ինձ։

ԹԵՐԵԶԱ.— (Ծիծաղելով): Այն հաստափոր Մատվեյ Եգորի՛չն է ձեր մասին այդպես խոսում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ դո՞ւք…

ԹԵՐԵԶԱ.— (Լրջանում է)։ Ե՞ս… ես միայն գտնում եմ որ դուք… այո՛, չափազա՛նց լուրջ եք և զգայուն… այնպե՜ս, է՜լի… շա՜տ խորն եք մտածում… մի՞թե այդ լավ է… (Լուռ)։ Ա՛յ, հենց այս րոպեիս էլ. այնպե՛ս տխուր դեմք ունեք, որ կարծես մի ծա՜նր բան է պատահել… (Տխուր)։ Ու ինձ էլ չեք ուզում մասնակից անել ձեր ցավերին… Ե՛վ դեռ ասում եք, որ բարեկամ լինենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ճշմարիտ է… Այո՛, այս րոպեիս սրտիցս արյուն է հոսում…

ԹԵՐԵԶԱ.— (Վախեցած և բոլորովին լրջացած՝ գնում է դեպի նա)։ Ուրեմն իրա՞վ է, մի դժբախտությո՞ւն է պատահել ձեզ հետ… Ասացեք, ասացե՛ք ինձ ձեր վիշտը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Տխուր, գլուխն է ցնցում)։ Ո՛չ… Դա ձեզ գուցե չհետաքրքրի… մասնավո՛ր բան է…

ԹԵՐԵԶԱ.— Թո՛ղ լինի, պատմեցեք ի՛նձ ևս, ի՛նձ էլ տխրեցրեք, ե՛ս էլ եմ ուզում տխրել ձեզ հետ, ուրախանալ ձե՛զ հետ… (Հուզված իր ասածներից՝ դարձնում է գլուխը