Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛… օրինակ հենց… հայրս… Մարդու արտաքինը խաբուսիկ է։ Գուցե հայրս մի կեղծավոր է, մի ավազակ, որ գիտե մեզ նմանների մոտ իրեն բարի ձևացնել…

ԹԵՐԵԶԱ.— (Միջահատելով)։ Բայց լսի՛ր, ի սեր աստծո, այդ ինչե՜ր ես ասում… Դու հայհոյում ես, այդպես բան չի կարող լինել, ո՛չ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ եթե այդպե՛ս է, եթե փաստե՛ր կան… (Փորձիչ)։ Եթե նույնիսկ գյուղացինե՛րը պնդեն ու հաստատեն… Եվ եթե դու լինեիր ազնի՛վ մարդ, սիրեիր ինձ, նույնիսկ շա՜տ սիրեիր — ի՞նչ կանեիր, կխնայեի՞ր հորս, չէի՞ր ջարդի նրան, չէի՞ր ազատի գյուղացիներին նրա ճիրաններից… (Մոտենում է հետզհետե): Խոսի՛ր, Թերե՛զ, քո խոսքերի՛ցդ, ասելիքի՛ցդ կախված իմ երջանկությունը…

ԹԵՐԵԶԱ.— (Լուռ, դժգույն՝ նստում է, շատ մեղմ)։ Չգիտեմ… Անհավատալի բանե՛ր եք ասում… Չի՛ կարող լինել… Սխալվում եք անշուշտ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ եթե չեմ սխալվում, եթե զորեղ փաստե՜ր ունեմ…

ԹԵՐԵԶԱ.— Դուք ինձ տանջո՛ւմ եք… Փորձո՛ւմ եք դուք ինձ… (Քիչ լռությունից հետո՝ հանկարծ ոտքի է ելնում, խիստ զննող՝ նայում է Ալեքսանին, ապա՝ շեշտելով և ծանր)։ Ի՞նչ եք ուզում ասել… (Դողդոջուն)։ Պարզ, ուղղակի խոսեցեք… Ձեր հայրը չէ՛ այդ վաշխառուն… Դուք ա՛յդ չէիք ասելու…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Թերե՛զ, դուք ինձ չե՛ք պատասխանում։

ԹԵՐԶԱԱ.— Պատասխա՛ն… Ահա՛… եթե ճշմարիտ են ձեր ասածները… ավազակը ավազակ է, թեկուզ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թեկուզ նա ձե՛ր հայրն իսկ լիներ…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվում է և գունատ՝ կռթնում ծառին): Ա՜հ… զգում էի, զգում էի… (Գլուխը ձեռքերի մեջ առնում, հանկարծ հեկեկում է և ընկնում նստարանի վրա


9) Նույնք և Մարգարիտ


ՄԱՐԳՈ.— (Ներս է վազում)։ Թերե՛զ, հա՛յրդ գնում է… (Տեսնելով Թերեզայի դրությունը՝ սառած մնում է)։ Վա՜յ, Թերե՛զ… (Վազում է դեպի նա

ԹԵՐԵԶԱ.— (Թույլ՝ ելնում է)։ Ոչինչ չկա… Այնպե՛ս… Գնա՛նք… (Ալեքսանին): Կատարեցեք այնպես, ինչպես զգում եք… Սակայն հասկանո՞ւմ եք. նա իմ հայրն է… և այդպիսի դեպքում…. մեր մեջ չի կարող լինել ոչինչ… (Գնում է դեպի տան դուռը, այնտեղ մի վայրկյան