Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անամոթարար կեղծել. տասին կեղեքել, մեկին օգնել. մարդկանց կողոպտել և աստծուն նվեր տալով բարեպաշտ հռչակվել, հասարակական մի չնչին գործ կատարել և բարեգործ անունով հռչակվել, տասով գջլել, մեկով խլվողների աչքը շլացնել… խաբել, խաբել ու խաբել…

Ո՛չ, այդ չէ իմ որոնած ճանապարհը։ Մի՞թե մեծ նպատակին հասնելու համար այդ է միջոցը, ինչ որ մարդկությունն է բռնել — այսինքն միմյանց պատառոտելու, միմյանց խաբելու, միմյանցով կերակրվելու այդ մոլեգին ուղղությունը։

Ի՞նչ է ուրեմն այդ մեծ նպատակը, որին գնում են այդպիսի կեղտոտ շավղով։

Եվ չնայելով, որ հոգնած էր, այդ ասելուց հետո ոտքի ելավ, առավ գավազանը, պնդեց կոշկի կապերը, պահ մի կռթնած ծառին՝ նայեց երկու անձերի վրա և պատրաստվեց գնալու:

Այն ժամանակ ծերունին ասաց մեղմ ու թախծալից ձայնով։

— Գնա, որդիս, ճշմարտության ճանապարհը փշոտ է, խիստ փշոտ և այդ փշերը աճում են ու ոռոգվում նրանց վրայից քայլողների կարմիր արյունով, բեղմնավորվում նրանց մեջ ընկնող նահատակների աճյունով։

— Իսկ այդ ճշմարտությունը, — աղաղակեց իմաստունը, — այնքա՞ն վսեմ է, որ կարելի լինի առանց հուզվելու դիտել դեպի նրան գնալու աղտոտ ճանապարհները, որ կարելի լինի այդ նախճիրները արդարացնել, բնական համարել, առանց զզվանքի ու սոսկումի ականատես լինել և նրա դեմ խոսողներին խենթ, աննորմալ համարել… Ոչ, հազար անգամ ոչ. այդ չէ այն ճանապարհը, որ ինձ հարկավոր է՝ գտնելու համար բարձրը, մաքուրը և ճշմարիտը։

Եվ երբ ասաց, ողջունեց ու հեռացավ։

Ու մի վայրկյանում մարեց նորից նրա խանդը, ավելի և ավելի կնճռվեց ճակատը, կորացավ մեջքը։ Նորից անհուսության, փնտրողության անհատակ վիհը բացվեց նրա մտքի մեջ, նորից հարցական մեծ նշանը, սոսկալի փափագը:

5

Հալածված, հուսահատ, մտային կրկնապատկված տանջանքով, ավելի քան երբեք՝ որոնողության փափագով տոչորված, թողեց իմաստունը բնակությունները և հեռացավ նորից ամայությունների մեջ։

Գնում էր նա առանց կանգ առնելու, առանց հոգնելու։ Չէր ուզում կանգնել այնտեղ, ուր նշմարում էր մի նշույլ իսկ սողունության.