Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՐԱՊԵՏ.– (Ընդհատում է)։ Մեր քյոխվան էլ ասում են, հետը բարեկա՛մ ա, միշտ ընտե՛ղ ա, միա՛սին են։

ԳՐԻԳՈՐ.— (Մարկոսին)։ Պատճա՞ռ՝ ասում ես… Տո սրանից լավ պատճա՞ռ— որ պատվա՛կան մարդկանց անո՛ւնն ա կոտրում, զրպարտում ա… Յա թե չէ՝ խռովություն ա գցում գեղումը…

ԳԱԼՈՒՍՏ.— Ո՞նց կըլի, աղա՛։ Բա ընչի՞, քննություն չե՞ն անի… հենց ընենց մեր ասա՞ծին կլսեն։ Չե՞ն ասի, թե սուդումը գանգատ տվեք ու քննենք… Յա թե չէ՝ որ թուղթ էլ հենց շինենք — ողջ հասարակությունը ձեռք կքաշի՞, քյոխվան կթո՞ղա, չե՞ն հարցնի, թե մարդը ի՞նչ ա արել, որ ուզում եք գեղիցը դուրս քշի…

ՄԱՐԿՈՍ.— Չէ՛, աղա՛, էտ ըլելու բան չի՛… չե՛նք կարա… բան չի դուրս գա։

ԳՐԻԳՈՐ.— (Քիչ նրանց է զննում, հետո հանկարծ ժպտում է և ավելի կակուղ)։ Ա՜յ թէ միամիտ խալխ եք ըլել, հա՜… Հավատացիք, է՞լի, որ իմ շա՛տ վեջն ա, թե նա գե՞ղումն ա, յա չէ… (Խրոխտ)։ Տո՛, ըստի մտիկ տվեք մեկ, է՜… (Գլխարկը վեր է քաշում և ձեռքը ճակատին խփում)։ Ա՜յ, ճակատս բա՛ց ա, ո՛չ ոքից վախ չունեմ։ Ո՛չ գողություն եմ անում, ո՛չ ավազակություն… Հնչի՞ց պիտի վախենամ… Հա՜նաք արի, հա՛նաք… Ա՜մա միամիտ խալխ եք… (Բռնազբոսիկ քրքիջ, հետո լրջանում է)։ Հա՛, դե վնա՛ս չունի, էն որ էդքան խնդրում եք, է՛լի ձեզ լավություն կանեմ, հայ-քրիստոնյա ենք, քանի ձեռքներիցս լավություն գա՝ պիտի անենք… Գնացեք քյաչալին թազա վեքսիլներ գրել տվեք… Աչքի՛ս վրա. թող փողերս մե՛կ տարի էլ ձեր մոտը պառկի, կորած տեղ չի։

ԳԱԼՈՒՍՏ.– Աստված քեզ անպակաս անի։ Աստծով… եկող տարի…

ԳՐԻԳՈՐ.– Աստծո՛վ, աստծո՛վ… Քյաչալը ցա՛ծումն ա. վեքսիլնե՛ր էլ կա մոտը (Գալուստին)։ Քոնը ի՞նչքան ա, Գալո՛ւստ… Հա՛, 125 մանեթ ա, չէ՞… Գրել կտաս 200: Դու էս տարի, գիտե՞ս, բոլորովի՛ն մոռացել ես մեզ։ Ո՛չ բաղիցդ ես մեզ պտուղ, յա գինի… ոչ զատկին մի գառը… Բա մեր փողը հենց ընե՞նց, մո՞ւֆտա պառկի մոտդ… 200 գրել կտաս։

ԳԱԼՈՒՍՏ.— Վա՜յ, աղա՛, էդ ի՞նչ կրակի մեջ ես գցում ինձ… Բա ես կա՞րամ էդքան տոկոս տալ… Բա ինձ ընտանիք չո՞ւնեմ… Մարկոսի՞ց էլ ավելի տոկոս։

ԳՐԻԳՈՐ.— (Բարկությամբ): Էդ դու ո՞րտեղից իմացար, թե Մարկոսից պակաս տոկոս եմ առնելու… Համ էլ՝ Մարկոսը մարդ ա, դո՞ւ ինչ ես։ Նոր տարուն, ծնունդին՝ էլ խոզի ճուտը, է՛լ կարագ, գառը… Ո՛չ մի բանիցը չի մոռանում. մարդը գի՛տի լավություն, երա՛խտիք…