Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Մարկոսին)։ Քոնը 75 մանեթ ա — գրել կտաս 125… 25 մանեթ պակաս… Էլ մի ասի, թե մենք երախտիքը բանի՛ տեղ չենք դնում…

ՀԱՅՐԱՊԵՏ.— (Գրգռված)։ Ի՛մը ի՞նչքան գրել տամ, աղա՛…

ԳՐԻԳՈՐ.— (Դառնալով դեպի նա, զսպված բարկությամբ)։ Հը՛մ, քո՞նը. 200 չի՞, գրել կտաս 300: Է՛դ ա, կուզես՝ գրել տուր, չես ուզի՝ փողս բեր… ի՞նչ ա, քեֆիդ չեկա՞վ… Բա կարծում ես մոռա՞ցել եմ… Միտդ չի՞, կանչեցի արտս հնձես — չեկար. այգիս փորես՝ փախար… Քեզնից հլա մինչի օրս մի խի՛լ էլա չեմ տեսել…

ՀԱՅՐԱՊԵՏ.— (Բարկությունից դողալով): Բաս էտ ա, է՜լի… Հա՛մ էնքան տոկոս տամ, հա՛մ էլ մուֆտա գամ բա՞նեմ քեզ համար…

ԳՐԻԳՈՐ.— (Կատաղի): Մո՞ւֆտա… Տո բա ես քո հո՞րն եմ պարտական, յա՞ քեզ. տո. բաս քեզ տված փողը իմ կնգա, աղջկա բերնիցը կտրա՞ծ չի, քրտինքովս աշխատա՞ծը չի… Հը, հա՛րամզադա, ասա տեսնե՞նք… Ո՞նց ես էգուց ևեթ սուդը տամ վեքսիլդ, տուն ու տեղդ վեր գրեմ, տավարդ ծախեմ. քեզ չոլերը գցեմ… Ա՜յ ես ձեզ մարդ ասողին, հա՜… Է՞դ ա իմ լավությունը… Գնա՛ կորի, գնա փողս բեր՝ ու ռադ ըլի աչքիցս… Ձեզպեսները պիտի քաղցած սատկեն, որ խելքի գան… հարա՜մզադա…

6) Նույնք և Թերեզա

ԹԵՐԵԶԱ.— (Որ դռնից անշշուկ ներս էր մտել, գունատ՝ կռթնում է դռան և ականջ է դնում

ԳՐԻԳՈՐ.— (Չի նկատում նրան, երեսը Հայրապետին է և շարունակում է, հետզհետե ավելի զայրացած)։ Հա՛յդե, էլ ո՞ւր ես ցցվել ըստեղ… Գնա փողս բեր. որտեղան կուզես՝ 200 մանեթս իր տոկոսովը գտի ու բեր… Թե էսօր չես բերել, աստվա՜ծ է վկա, փալասդ տակիցդ քաշել կտամ…

ՀԱՅՐԱՊԵՏ.— (Խեղճացած և մեղմ): Աղա՛, դե ես ի՞նչ ասի որ… Ախր առածս իսկի հարիր մանեթ չի ըլի, մեկ տարվա մեջ երկու հարյուր դարձրիր, հիմի էլ վրես բարկանում ես, թե ինչ ա մուֆտա չեմ եկել ու բանել քեզ համար, յա թե չէ գառը, գինի ընծա չեմ բերել… ու 300 ես շինում… (Լացի ձայնով)։ Բա ես մե՞ղք չեմ, ուզում ես, որ երեխեքս կոտո՞րվեն, հիվա՜նդ, սովա՜ծ…

ԳՐԻԳՈՐ.— (Կատաղի)։ Տո ի՞նձ ինչ, ա՛խմախ, որ թեկուզ ամենքդ էլ սատկեք… բա որ ըտենց ա, էլ ո՞ւր ես գոռգոռում, ո՞ւր ես մեծ-մեծ խոսում։ Չէ՛, գնա՛, գնա՛ փողս բեր ու ռա՜դ ըլի: Չունես —