Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ.– Տո՛, որ փող չունեն տան, էլ ո՞ւր են գանգատի գնում: Ընչի՞ մեկ չեկան ինձ մոտ, խնդրեին. «Գրիգոր աղա,– ասեին,— ղուրբան, չունենք, չե՛նք կարող պարտքներս տալ, խղճա մեզ»… Ես էլ խո մա՛րդ եմ, կնիկ-զա՛վակ ունեմ, խո ջանավար չե՞մ.. Հա՛լբաթ մի բա՛ն կանեի, յա թե, ո՞վ ա իմանում… քրիստոնյա չե՞մ, սիրտ չունե՞մ… Քաղցր լեզուն, աղաչանքը՝ ի՞նչ քար սիրտ ասես՝ որ չշարժի… հը՞։ Բաղդասար ամի, սրա՞ն ինչ կասես, սո՞ւտ եմ ասում… Ես անզգա՞մ մարդ եմ, քեզ քի՞չ լավություն եմ արել…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հանց ո՜ր… ի՛հարկե, աստված կյանք տա… Ամա դե ասում են՝ թազա զա՜կոն… Յանի որ մենք էլ, դե՛, ուտելու հաց չունենք, սո՜ված…

ԳՐԻԳՈՐ.— Տո ընչի՞ ինձ մոտ չեկար առաջ: Մեկ գայիր, ըտոնք դիփ ասեիր… Թե քեզ հետ կռվեի, ուշունց տայի, յա մերժեի — է՛լի գնայիր էն լակոտի մոտ… Հը՞, հենց հմի, որ էդ ասում ես, յանի ես շա՞տ գիտեի, որ հալդ փի՛ս ա, չես կարողանում պարտքդ տա… (Լուռ՝ նայում է գյուղացոց և մյուս կողմից հանում է ձեռքի ծրարից երեք մուրհակներ։ Գյուղացիք թեև գլխիկոր են, երբ չի նայում, սրտատրոփ հետևում են թղթերի շարժմանը): Տո՛, հա՛յվաններ, ե՞ս եմ էլի ձեր հին բարեկամը, թե՞ էն թազա եկած լակոտը… էլ ո՞ւր եք հայ-հարա՜յ — նրան վազել… Ըստի մտիկ տվե՛ք… Ես որ ուզենամ չար լինել է՜, որ վեքսիլներդ տանեմ սուդը, ունեցած չունեցածներդ գրել տամ — էն լակո՞տը ձեզ կազատի… (Քրքիջ)։ Ախմախնե՜ր… Ամա տեսե՛ք, ես է՛ն մարդը չեմ… (Հանկարծ Բաղդասարին)։ Հլա մեկ մոտ արի, ամի՛… Մտիկ տո՛ւ… էս չի՞ վեքսիլը։

ԲԱՂԴԱՍԱՐ.– (Մոտենում է և նայում)։ Հա՛, է՛դ ա…

ԳՐԻԳՈՐ.— Բաս, դո՛ւ, Մարգա՛ր, էս էլ քոնը չի՞։

ՄԱՐԳԱՐ.— Ադա՛, բաս գործը սուդն էիր տվել ախր…

ԳՐԻԳՈՐ.— (Քրքիջով)։ Տո ե՞ս չեմ գործը սուդ տվել… Հլա չե՞ք հասկացել, որ սու՛դիան էլ է ձեռքումս, նաչա՛լնիկն է՛, դուք էլ… (Լուրջ)։ Գործդ ե՛տ եմ վերցրել… (Զաքարին): Էս էլ քոնը, Զաքար… (Ցույց է տալիս

ԶԱՔԱՐ.— (Ուզում է մոտ գալ և վերցնել

ԳՐԻԳՈՐ.— Կա՜մաց… Հլա կա՛ց… Ո՞նց ես սուդը տամ ու բաղդ ձեռքիցդ թռցնեմ, հը՞… Ալեքսան բեկը կարա՞ ազատել քեզ… (Բոլորին)։ Խո հմի երեքդ էլ ձեռքո՞ւմս եք։ Թպրտացե՛ք՝ ինչքան կուզեք, ամա ա՜, սրանց դեմ խոսալ չի ըլի, չէ. ձե՛ռք եք քաշել — պտի տաք։