Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐՎԱԾ

Ալեքսանդրի սենյակը, բավական մեծ։ Աջ կողմում, լուսամուտի առաջ՝ գրասեղան՝ թղթերով և գրքերով։ Բազկաթոռներ, մի փոքրիկ գրադարան։ Ձախ կողմից մի դուռ տանում է դեպի սրահը։ Խորքում՝ պարտեզից, մուտքի դուռն է։ Ժամը ցերեկվա 11-ն է:

1) Ալեքսանդր (մենակ)

(Գրում է քիչ, հետո գրիչը ցած դնում և մտախոհ է ու երազուն)։ Ո՛ւրիշ բան է, երբ կռվի ես գնում՝ հայրենիքի ազատության համար կռվի ելնող ոգևորված զինվորի պես՝ զվարթ և ուրախ, գրեթե պարելով… և ուրիշ՝ երբ սիրտդ սեղմված, ճակատդ կնճիռներով ակոսած, տխուր քայլում ես դեպի կռիվ՝ կախաղանի գնացող հանցավորի նման… (Ելնում է և ճեմում, հետո նստում է բազկաթոռի մեջ)։ Վայրենին, լինի՛ նույնիսկ լավ ավարի հույսով, գնում է նիզակը ճոճեցնելով, ուրա՜խ աղաղակներով… Իսկ ե՞ս… Ե՛ս նույնպես գնում եմ կռվի, հանուն արդարության ոտնատա՛կ եմ տալիս ամե՛ն արգելք… սակայն ես նիզակս ամենա՛յն զգուշությամբ եմ շարժում, որ սրտի՛ս չզարնեմ… (Քիչ լուռ)։ Փոքրոգություն է այս, զգո՛ւմ եմ. նման է սա պարտավորության արդյունքի, բայց ո՛չ երբեք բուռն համոզման և մե՛ծ զգացմունքի… (Փայլում է)։ Կուզեի մտա՛ծ չյինել այս կռվի մեջ… և կամ՝ ճանաչա՛ծ չլինեի… (Ընկճված՝ մոտենում է լուսամուտին և կռթնում նրան

2) Նույն և Կիրակոս (ծառան)

ԿԻՐԱԿՈՍ.— (Բերում է մի բաժակ սուրճ)։ Մատվեյ Եգորի՛չն ա եկել… (Բաժակը դնում է սեղանի վրա)։ Աղի հետ զալումը խոսում են…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Լավ… Տանուտերին գնացի՞ր։

ԿԻՐԱԿՈՍ.– Շատո՜նց… Հմի կգա: (Գնում է

3) Ալեքսանդր (մենակ)

(Քիչ լուռ)։ Հասարակության համար գործողը չպիտի կապվի ոչ ոքի հետ, ո՛չ… Իրավո՞ւնք ուներ Թերեզան… Խայտառակված վաշխառուի աղջի՞կ — և խայտառակողի կինը… (Նայում է լուսամուտից լուռ)։ Որքա՛ն էլ ձանձրալի է այս գյուղը… Մի՛շտ միևնույն դեմքեր…