Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ… (Ալեքսանին)։ Լավ, հիմի արի հենց օրե՛նքիցը խոսենք… Դու որ գանգատ տաս, ասենք՝ փաստեր էլ գտնես, սուդը քննի — դրանով խո հորդ պարտքը չի՞ բախշվի, խո գյուղացիները չե՞ն ազատվի տալիքներիցը, հը՞… Ասե՛նք կարողացար հաստատել, որ մեծ տոկոսներ է վերցրել, հետո՞, խո՞ հետևանքն ա՛յն կլինի, որ գործը կընկնի էս սուդիցը՝ է՛ն սուդ, ապելա՛ցիա, սենա՜տ… Ի՞նչ է, չլինի՞ կարծում ես, թե Գրիգոր աղան, էն ա, սուդի վճռովը գոհ կլինի, հա՞… Իսկ մյուս կողմից՝ հայրդ խո՞ մի քանի օրից հետո կա՛մ պիտի ցնծա, կա՛մ բաղիցն ու տնիցը ձեռք պիտի քաշեք… Հը՞, եղբա՛յր, թե սխալ եմ ասում, ասա՛։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինձ միայն զարմացնում է այն, թե ինչպե՞ս դուք, որ հորս բարեկամն եք կոչում ձեզ, թույլ եք տալիս, որ 3500 ռուբլու փոխարեն՝ 5000 վճարվի և կամ տունն ու այգին խլվի:

ՍԱՀԱԿ.— Սա՛շա, լսիր ինձ, ախր, է՜է՜… քեզ խո ասացի մի քանի անգամ: Էն մարդը ձեռք է քաշում տոկոսիցը, բոլորովի՛ն… Հլա մեկ 500 մանեթն էլ պարտքի գլխիցն է բաշխում…

ԱՐՇԱԿ.— Հազա՛ր էլ, ե՛րկու հազար էլ կբաշխի… Որ ոչինչ էլ չտաս — մուրհակդ ետ կտա, միայն թե որդիդ նրան դատարան չքաշի, չխայտառակի։

ՍԱՀԱԿ.— Հա՛, հենց այդ է։ Ախր, նա՛ էլ խեղճ է, չէ՞: Թեև արդար եմ,– ասում է,— խիղճս մաքուր է, բայց չե՛մ ուզում, որ ինձ դատարան քաշ տան. ամոթ է էս ծեր հալովս՝ ասում է…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ի՛հարկե, բա՜ս… Հե՞շտ բան է՝ իբր հանցա՛վոր նստել այնտեղ… Վաշխառո՛ւ… այն ծեր, պատկառելի մարդը, կնգա–աղջկա, այնքա՜ն մեծ գործերի տեր մարդը… Թեկուզ ա՛րդար էլ դուրս գա, բայց է՛լի… (Ալեքսանին)։ Լսի՜ր, Սա՛շա, ա՛րի քաղցր տեղը կապենք ու վերջացնենք-գնա… Է՜նպես, է՜լի… Տեսնենք պահա՞նջդ ինչ է… Քանի դեռ գործը սուդ չի ընկել՝ մե՛ր մեջ, է՜նպես…

ԱՐՇԱԿ.— (Ալեքսանին)։ Առաջարկում են արդարությունը ծախել։ Սակարկում են…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Նրան)։ Զարմանալի՛ մարդ ես դու էլ, Արշա՛կ… Ի՞նչ սակարկության բան կա այստեղ, հաշտության գործ է. ես առաջարկում եմ հաշտվել, մի կերպ գործը կարգադրել մե՛ր մեջ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ դուք պաշտոն ունե՞ք նրա կողմից՝ այդ անելու։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Էդ ո՛չինչ… Դու քո՛ պայմանները ասա, տեսնենք. հետո իմ պարտքը լինի գնալ նրան համոզել… Էլ ինչացո՞ւ հաշտարար դատավոր եմ… Քեզ համար միևնույնը չէ, եղբա՛յր — այստեղ