Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործը վերջացնել կամ դատարանում, զերծալի առաջ, գործը չէ՞ որ ի՛նձ մոտ է գալու։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ժպտուն)։ Այդ դեռ հարց է… Կան գործեր, որ հաշտարար ատյանին չեն ենթարկվում և ամենից առաջ՝ քննիչի մոտ են գնում։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.- (Զարմացած և վախեցած ոտքի է ելնում)։ Ինչպե՜ս… Դու… դու ուզում ես… Քննի՞չ… Ա՜յ թե ինչ… Постой, եղբա՜յր, ինչի՞ պետք է քննիչ, մարդասպանությո՞ւն է, քրեական գո՞րծ է, ի՞նչ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գրիգոր աղան արհեստով վաշխառու է և հարստացել է գյուղացոց կողոպտելով ու կեղեքելով… Գործը, ըստ օրինի, կերթա նախ քննիչի մոտ, հետո՝ շրջանային դատարանը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.– (Բարկությունից կարմրելով)։ Вот тебе раз!… Սյո՜ւրպրիզ… Ուզում ես ուրեմն մարդուն Սի՞բիր քշել տաս. կորցնե՞ս… Եվ փաստեր ունե՞ս, փաստե՞ր, թե՞ է՛նպես, զռլամա ասում ես… Խոսք չկա, սյո՜ւրպրիզ… Ակրուժնոյ սո՜ւդ…

ԱՐՇԱԿ.— Փաստեր շա՛տ կան։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Նրան՝ բարկությամբ): Երևի դո՛ւ ես տվել, չէ՞… Հը՛մ… լա՛վ է, լա՛վ է… Գյուղացոց էլ երևի արդեն պատրաստել էս… Նո՛ւ, եղբայր, այդ ձեզնից չէի սպասում, ծեր մա՜րդ. ընտանիքի տե՜ր, ակրուժնո՜յ, Սիբի՜ր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.- Այժմ Սիբիր չկա այդպիսինների համար արեստանտսկայա րոտա…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ճչալով)։ Տո խո չե՞ս գժվել… Էն ծեր մարդո՞ւն, Թերեզի հո՞րը… Ֆո՛ւ, черт побери!: (Բարկությամբ ճեմում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Քիչ հանդարտեցե՛ք, Մատվե՛յ Եգորիչ. ինչո՞ւ եք տաքանում, երբ ինքներդ էլ գիտեք, որ այդ մարդու հարստությունը վաշխառությունով է դիզված…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.– Առևտո՛ւր է անում մարդը, խոսք ունե՞ս… Ուրեմն քո կարծիքով՝ պետք է բոլո՛ր վաճառականներին էլ արեստանտսկի րո՞տ ուղարկել… Հե՛նց մեկը Մակարով Գալուստը, ձեր ազգականը… Տո՛, անցյալ օրը, իմ աչքիս առաջ, մանեթանոց շալը՝ երեք մանեթով կապե՛ց մի թարաքամի գլխին, ետևից էլ մի լա՜վ ուշունց տվավ… Արեստանտսկի րո՞տ ուրեմն, հա … (Քիչ հանդարտ՝ մոտենում է)։ Չէ՛, եղբայր, այդպես խո չի՞ կարելի… Դու կասես՝ թող թարաքաման խելքը գլխին պահեր ու չխաբվեր, ես էլ կասեմ՝ թող գյուղացիք խելքները գլխին պահեին ու այնքան տոկոսով մուրհակ չստորագրեին…