Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՇԱԿ.— Ուրեմն Սահակ բե՞կն էլ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հա՛, իհարկե, թող չանե՛ր… Արել է — ո՞վ է մեղավորը… Նրան խո սրով ու հրացանով չսպառնացի՞ն, որ ստորագրեց… Առևտո՛ւր է սա, ապրանքս ա՛յսքանով եմ տալիս, կուզե՞ս — առ, չես ուզի — բարո՛վ եկար, դե որ առել ես՝ վճարի՛ր… (Քիչ լուռ)։ Եվ կամ, եղբա՜յր, մարդը վատո՞ւթյուն է արել քեզ, որ փո՛ղ է տվել ուսմանդ համար… Գոնե ա՛յն մտածելով դու պիտի խնայես նրան… Նստի՛ր մեկ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այսպես էլ լավ է… Միայն դուք մի՛շտ մոռանում եք, որ օրենքով որոշ տոկոսից ավելի առնողը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ընդհատում է)։ Կա՛ց մեկ… Առաջ այդ արեստանտսկի րոտ, ակրուժնոյ սուդ-բան գլխիցդ հանի՛ր… Ամո՛թ է. հորդ հասակի մարդ է, ընտանիքի տե՛ր… Հետո, ինչի՞ց գիտես, որ այն մարդը, ասենք հենց, չի՛ զղջում իր արածներ վրա, հը՞… օրինակ հենց, այդքանը բավական չէ՞, որ հորդ տալիքի համար ո՛չ տոկոսն է առնում, ո՛չ էլ գրավը…

ԱՐՇԱԿ.— Ո՛չ էլ երևի տվածը ետ կուզենա։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ну да! Հենց ա՛յդպես… Ավելի՛ լավ. էդ խո ցույց է տալիս, որ խղճո՛վ մարդ է, տեսնո՛ւմ է հորդ դրությունը, ցավում է, բա՛խշում է պարտքը… Էլ ուրիշ ի՞նչ է ուզածդ, եղբա՞յր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ գյուղացինե՞րին, նրանց դեմ արածնե՞րը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Տո քե՞զ ինչ. նրանք ի՞նչ են տվել քեզ, որ քո ցավդ թողել՝ նրա՛նց ցավն ես քաշում, որ քո բարերարիդ… (Նկատելով Ալեքսանի զայրացկոտ շարժումը): Постой, իհարկե, բարերարիդ, քանի որ ետ չի ուզում տված փողը… Նրան թողել գյուղացոց ծռտի-պռտի խոսքերին ես լսում… Ի՞նչ է, մե՞ծ գոնորար են տալիս քեզ։ Տո, կուզե՞ս, Գրիգոր աղին համոզեմ, որ նրանց ո՛ղջի տվածի կրկնապատիկը հենց էգուց ևեթ ղրկի քեզ, հը՞, սրա՞ն ինչ կասես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բարկացած)։ Դուք նրա կողմից ուղարկվել եք այդ առաջա՞րկն էլ անելու ինձ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հա՞, հենց. հետո՞, ասելի՞քդ ինչ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ ձե՞զ… ձե՞զ որքան է խոստացել նա այդ միջնորդության, այդ ցա՛ծ առևտրի համար…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գունատ և սոսկումով ետ է քաշվում)։ Ի՞նչ… Սաշա՛, և դու այդ մտածո՞ւմ ես… Թյո՛ւ… (Մեկե՛ն գլխարկը դնում է գլխին): Պլեվա՞տ այսուհետև. ավելի լավ է՝ չցաված գլուխս ավետարանի տակ չդնեմ… Ի՞նչ… կաշա՞ռք… Նո՛ւ, մնաք բարև…