Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհուն տանջանքի, ահավոր փափագի, անհատակ անգոհության և ըմբոստացող ոգու ու գիտակցության արտահայտությունը՝ ամփոփված արցունքի խոշոր ու վճիտ կալժակների մեջ…

Որքան դա՜ռն էին այդ կաթիլները, որքան կիզի՜չ: Ավանդությունը ասում է, որ իմաստունի տենչալից որոնողության այդ հեղուկ արտահայտությունները գլորված լինելով խոտի վրա, վայրկենապես այրել, մոխիր էին դարձրել նույնիսկ հողը, գետինը։

Այդպես մնաց նա երկար, տարածված ավազանի եզրի վրա, երջանիկ՝ վայրկենական թուլությամբ, որով հանգստություն, անդորրություն էր գտնում: Եվ երբ դադարել էին թռչունների երգերն, ու զով քամին սաստկանում էր, սթափվեց, մոտ գնաց ջրին ու լվաց երեսը:

Գեղեցիկ էր գիշերը, լողում էր լուսինը երկնակամարի կապտության մեջ, պահվում սպիտակ ամպակույտերի տակ, նորից առաջ սրանում և անդրադառնում էր ավազանի ջրերի խորքերում: Իմաստունը նայեց այդ խորքերին՝ կռացած ջրի վրա դիտեց երկնքի անհունությունը, որ ավելի խոր ու անհատակ էր թվում ջրի մեջ… և ահա նորից գոյացավ նրանում այն բոլոր տանջանքն ու տենչանքը, որ ծնում էր անբավական ոգուց, գիտենալու անհուն փափագից…

Այդ միջոցին էր, որ հեռու, մեծ ավազանի դիմացի ափին, նկատեց նա մի երիտասարդի՝ ընկողմանած խոտերի վրա։ Լուսնի լույսը թույլատրում էր տեսնելու, թե որպիսի հանդարտ դառնությամբ արտասվում էր թշվառը, աչքը երկնքին հառած, անշարժ ու մարմնացած հուսահատության նման:

— Ահա մի ուրիշ տանջվող, — մտածեց իմաստունը, — արդյոք նա՞ էլ է որոնում գիտենալ այն, ինչ որ իմ թշվառությունն է կազմում, ինչ որ խոր է որպես անդունդ, անըմբոնելի՝ որպես գոյություն չունեցող մի բան…

Ու առաջ գնաց դեպի նա: Երիտասարդը լսեց իմաստունի ոտնաձայնը, դարձավ, սրբեց արտասուքը և կիսովին բարձրացավ։

Ողջունեց նրան իմաստունը: Երիտասարդը զարմացած՝ ընդունեց նրա ողջույնը, հրավիրեց նստել իր կողքին և ասաց.

— Բարի լինի գալուստդ իմ ամրոցի մեջ, ով դերվիշ. տեսնում եմ, որ մի խոր տանջանք ակոսել է քո ճակատն էլ այնպես, որպես ոչ մի վիշտ չէ կարող անել. տեսնում եմ, որ կյանքից ու մարդկությունից զզված, դժգոհ՝ ծնված լինելուց, դժգոհ՝ բնության գոյությունից, դժգոհ՝ եղած ցեխային կյանքից, ինքնամոռացության միայն ապավինած մի իմաստուն ես, որ գնում ես այնտեղ, որտեղ ոտներդ են տանում, տեսնում ես այն, ինչ որ աչքերդ են ցույց տալիս, և քո մեջ կամքն ու