Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
7) Ալեքսանդր և Թերեզա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թերե՛զ…

ԹԵՐԵԶԱ.— Խնդրեմ, մի բաժակ ջուր տուր ինձ այնտեղից։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լցնում է և տալիս, սաստիկ հուզված է)։ Հանգստացիր, ի սեր աստծո…

ԹԵՐԵԶԱ.— (Խմում է, հետո մի քիչ շունչ առնում, ելնում է տեղից և գնում դեպի գրասեղանը): Խոսենք քիչ, Սա՛շա… Երկա՜ր ժամանակ է, որ չենք տեսնվել… (Նստում է)։ Նստիր ինձ մոտ… (Քիչ լուռ)։ Ինչո՞ւ ես այդպես նայում։ (Տխուր ժպիտով)։ Փոխված ես գտնում ինձ, չէ՞։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շա՜տ ես նիհարել… Հիվա՛նդ էիր գուցե…

ԹԵՐԵԶԱ.— Ո՛չ… Բայց այս վերջին օրերս գրեթե չեմ ապրել… Մո՛տ նստիր… Բայց գուցե արդեն սառել ես. այլևս քո Թերեզը չե՛մ գուցե..

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված բռնում է ձեռքը)։ Թերե՜զ… Եվ դու այդ կարողանո՞ւմ ես ասել։ Մի՞թե ես ապրել եմ՝ այն օրվանից հետո, մի՞թե ես մի րոպե երջանիկ եմ զգացել ինձ… (Թիկնաթոռին է կռթնում)։ Առաջին օրերը կարծում էի, թե պիտի խենթանամ… մտքերը շփոթվում էին գլխումս։ Մի ընդհանուր թուլություն զրկում էր ինձ գործելու, պարապելու ամեն փափագից, թվում էր, թե ուղեղս ճմլում են… Հետո վարժվեցի։ Երևի մարդ կարող է թշվառության, մեծ տանջանքների էլ վարժվել ա՛յնքան, որ այլևս անզգա դառնա…

ԹԵՐԵԶԱ.— Ճի՛շտ ինձ նման… Բայց ես դեռ չե՛մ վարժվել։ Երևի թույլ բնավորության տեր եմ. երևի իմ մեջ զգացմունքները կլանում են ամբողջ էությունս… Հաճա՛խ դատապարտեցի ինքնիրենս, անվանեցի ինձ թուլամորթ, փոքրոգի… Սակայն, չե՛մ կարողանում… Չափազա՛նց սիրում եմ քեզ… (Կռանում է դեպի նա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գգվում է նրան): Ի՜մ Թերեզ…

ԹԵՐԵԶԱ.— (Մեղմությամբ ետ է մղում նրան)։ Ինձ թվում է, թե այդ նրանի՛ց է, որ արգելքնե՛ր են ծնում մեր երջանկության դեմ… Սակայն այլևս չե՛մ կարող, հնա՛րք չեղավ զսպելու, ոչնչացնելու… Եվ ահա եկել եմ ասելու քեզ, Սա՛շա, որ այս երկար տևել չի կարող. որ… որ առանց քեղ այլևս ո՛ւժ չկա ապրելու…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Գգվում է)։ Ի՜մ հրեշտակ, ներ՛իր ինձ խնդրեմ… Ա՜խ, ես ինքս էլ չգիտեմ ինչ ասել քեզ…

ԹԵՐԵԶԱ.— (Ընդունում է գգվանքը): Ներելու ո՛չինչ չկա… Դու ինձ սիրում ես. այդ ես եթե չե՛մ տեսնում, գոնե զգում եմ, համոզված եմ… Գիտեմ, թե որքա՞ն ահավոր տանջանք է քեզ համար՝ քայլեր անել ո՛չ դեպի ինձ, այլ դեպի ետ, հեռու ինձնից… Բայց առանց