Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունենալ բնությունն ամբողջ սրտի մեջ, էությունն ամբողջ իր կրքերի գերի…

Սիրել այդպես՝ ես չեմ երազում նորից, որովհետև երկրորդ անգամ անհնար է. նույն խորությունը, նույն բուռն, գրեթե խենթային թռիչքը չի ունենա: Մենք սիրում էինք միմյանց — ի՞նչ հարկ մի ածականով նվազեցնել այդ բառի սաստկությունը. սիրել — դա նշանակում է ապրել ու շնչել միմիայն սիրո առարկայով, նրա ազդած տանջանքով հալվել ու հալվելովն երջանիկ լինել, աստվածանալ: Սիրել — դա նշանակում է անձնապես գոյություն չունենալ, այլ ի մի ձուլվել սիրած առարկայի հետ և հավիտենապես սավառնած երազային աշխարհի մեջ, աստղալից և երջանիկ երկնքի խորհրդավոր միայնության տակ՝ օրորվել այնտեղ, հեռու բոլոր շշուկներից, ինքն իր մեջ, ինքը նրա մեջ ամփոփվել և այդպես շոգիանալ, ցնդել…

Ու լռեց պահ մի, և հայացքը երկնքի կապտության մեջ մոլորվելու սլացավ. դեմքը փայլում էր գերաշխարհային էքստազով ողողված, կարծես մարմնից դուրս ցայտող ֆոսֆորային մի լույսով, որ պարզ կերպով գծագրում էր նրա շքեղ գլուխը ուռենիների ձգած մութ ստվերի վրա։

Իմաստունը ապշել էր. կարծում էր, թե սուրբի առաջ էր գտնվում։ Երիտասարդի գլխի շուրջը փայլող նուրբ լույսը մի տեսակ խորհրդավոր երկյուղածություն ազդեց նրան, և նա պատկառանոք մի քայլ ետ քաշվեց:

— Սիրել… — շարունակեց երիտասարդը, — դա նշանակում է ամեն բան. նշանակում է նաև ոչինչ։ Դա նշանակում է ապրել մեռնելով, տանջվել հաճությամբ, թունավորվել նեկտարով, դա նշանակում է և՛ բարձրանալ մինչև աստված, մինչև անհունություն, և՛ իջնել մինչև ցեխի մրուրը, մինչև ապականություն. դա մի խառնուրդ է երկու հակասությունների, որ մարդուս միակ մեծությունն է կազմում, նրա կյանքի միակ ձգտումը, միակ նպատակը…

— Միակ նպատա՞կը… — բացականչնց իմաստունը:

Երիտասարդը սթափվեց, ցնցեց գլուխը, նայեց իմաստունին և ասաց.

— Ահ, ներիր, իմաստուն. ես մոռացա, որ այստեղ ես երազում էի։ Ինձ թվում էր, թե ետ էի գնացել երկու ամսով առաջ, երբ ես ու նա, այս ուռենիների տակ, կանաչ խոտերի վրա, միմյանց գրկում հալվում էինք. երբ մենք լուռ էինք, և մեր շրթունքները միմյանց հոգին էին ծծում ու մեր սրտերն լռելյայն ասում էին միմյանց ամեն բան. այնպիսի զգացումների մասին խոսելով, որ բերանը անզոր կլինի արտահայտել: