Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրողները, երբ լուռ են, նրանց սրտերը լռելայն խոսում են միմյանց հետ. նրանք իրար հասկանում են առանց բերան բաց անելու: Եվ մենք լուռ էինք, ժպտուն՝ երկնքի պես, զվարթ՝ արեգի նման, վճիտ՝ որպես առվակ ու կենսախնդությամբ լի, ամեն ինչ մոռացած, ամեն ինչ մեր մեջ առած, միայն մեր մեջ և մեզ համար… Հիշում եմ. մենք սիրում էինք միմյանց այնպես, որպես սիրել կարող են միմիայն թիթեռները լույսին, մի րոպեից հետո գոյացող՝ մահվան գիտակից և նրան արհամարհող…

Բայց… ասա ինձ ուրեմն, իմաստուն, մի՞թե ճիշտ է, որ բնության մեջ ամեն ինչ վերջ ունի, որ ամեն ինչ փոփոխական է, որ ոչինչ հարատև չկա։ Ճի՞շտ է ուրեմն, որ այդքան զզվելի է բնությունը, և մենք իզուր նրան բանաստեղծացնում ենք, նրանով ոգևորվում:

Իմաստունը լուռ էր. ոչ մի բառ չարտասանեց։ Երիտասարդը մի վայրկյան նայեց նրան, հետո թափահարեց ձեռքը.

— Բայց ես էլ գիտեմ այդ, — ասաց նա, — ինչո՞ւ եմ հարցնում: Այո, չկա մի ճշմարտություն, որ դրա պես ճիշտ լինի, որ դրա պես անխախտ ու հավիտյան լինի։ Ոչինչ հարատև չկա բնության մեջ, ամեն ինչ փոփոխվում է, և այդ օրենքն է միայն, որ անփոփոխ է… Ամեն ինչ վերջ ունի. խորությունները լցվում են՝ լեռ դառնում, խենթային թռիչքների թևերը կտրտվում, կրքերը նվազում ու կոշտանում, և սերն էլ, որպես ամեն ինչ՝ դադարում է, փոխվում, ոչնչանում…

— Չեմ կարծում, — խոսեց իմաստունը, — ոչինչ չի ոչնչանում աշխարհի վրա։

— Ես այդ էլ գիտեմ… Բայց չգիտեմ, թե ի՞նչ դարձավ ուրեմն մեր սերը. ի՞նչ դարձավ այն զգացմունքը, որ նրա մեջ ավելի բուռն էր, քան իմ մեջ. ավելի կրքոտ, ավելի պահանջող և կրակոտ…

— Բուռն, կրքոտ, պահանջող ու կրակոտ լինելու համար էր, որ նա դադարեց, — ասաց իմաստունը, — կրակը լափեց յուղը, սպառեց։

Երիտասարդը ոտքի ելավ այն ժամանակ, և երկու տանջվողները սկսեցին քայլել լճափն ի վար:

— Պատմեմ քեզ ամեն ինչ, իմաստուն, — ասաց սիրահարը, երբ հասել էին մի մթին ծառուղու մեջ, – պատմեմ քեզ այդ և գուցե դու մեկնես ինձ այն, ինչ որ խուսափում է իմ հասկացողությունից… Ես գիտեմ, թե նա ինչո՞ւ է դադարել ինձ սիրելուց, բայց չգիտեմ, թե ի՞նչ հարկավոր էր անել, որպեսզի նա չդադարեր և այնքան սիրեր ինձ, որպես սկզբում էր, սրանից երկու ամիս առաջ։

— Նա այստե՞ղ է, – հարցրեց իմաստունը։

Երիտասարդը գլուխը ցնցեց։ Որքան որ նա քիչ առաջ գտնվում էր