Էջ:White Varsenik.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մայրը գործի մը համար զինքը տիկին Վարդանուշին տունը ղրկեց: Գարնան առավոտ մըն էր նորեն, առավոտ մը, որ մեղրի պես կհոսեր: Վազելեն սանդուխները բարձրացավ ու հևալեն կեցավ տիկին Վարդանուշի առջև, որ երկրորդ հարկի արևադեմ սենյակի մը բաց պատուհանին առջև թանթելա կհյուսեր ու արագորեն կծիկը քակեց, ամչնալով ըսելիքը ըսավ։ Ու ինչ որ նկատեց, առաջին առթիվ, վերստին, գարնանային թեթև շապիկին տակեն, լեցուն կնոջ այդ աղվոր կուրծքերն էին։ Ու եթե շառագունած էր, պատճառը միայն վազելով եկած, սանդուխները բարձրացած ըլլալը չէր, այլ նաև այդ կուրծքերեն զգացած անորոշ հաճույքը։ Ասոնք զգացումներ են, որ դյուրավ չեն փրցվիր, շնատամի պես կեսը միշտ հողին մեջը կմնան։ Տարի չէ, այլ տարիներ անցած են անկե ի վեր, բայց ցայծմ մարմնին խորունկը այդ հիշատակը կնմանի հարսի նարոտի մը, որ սնտուկին հատակը ամեն անգամ որ բանաս հարսնիք կբուրե։ Շփոթահար, դողդոջուն, գուցե ամչընալով նաև այդ անվայել զգացումին համսւր՝ կեցած տեղը քայլ կփոխեր, երբ տիկին Վարդանուշ, որուն համար անտարակույս ինք միշտ կարմիր կրծկալով նույն մանուկն էր, գորովով կզակը բռնեց ու վերստին անուշ֊անուշ բաներ ըսավ։ Հետո իր երկու բազուկներուն վրա զգաց անոր ափերը ու դեմքին վրա գորովալի ժպիտ մը, որ ավելի շփոթեցուց զինքը։ Հանդգնությամբ մը, որ ցայժմ կզարմացներ զինքը, սեղմվեցավ անոր կուրծքին, դպելով անոր ծունկերուն, զգալով գիրգ մարմնով ու դեռ երիտասարդ կնոջ ազդրերուն հաճելի ջերմությունը։ Կհիշեր, որ աչքերը փակեց, գլուխը դրավ անոր ծիծերուն միջև, որ թեթև շապիկին ներքև բոլորովին մերկ էին ու ամբողջ մարմնով սկսավ դողալ։

Տիկին Վարդանուշ գորովով իր դպրոցական չարաճճիությանց վրա կխոսեր ու վարսերը կշոյեր, մինչ ինք գողունի աչքերը բացած ըլլալով՝ կնայեր անոր ճերմակ կուրծքերուն։ Կնայեր ու ապօրինի, արտասովոր հաճույք մը կզգար։ Ու միշտ այդ աղվոր ծիծերը մուշկ կբուրեին, վարդի-ջրի և մուշկ- խաղողի խառնուրդ բուրում մը ունեին։ Քովընտի ակնարկով մը ու ագահ ուրախությամբ մը՝ կդիտեր զանոնք ու ձեռքերուն մեջ անոնց փափուկ գունդերը սեղմելու ուժգին փափագ մը մարմինը կցնցեր։ Տիկին Վարդանուշ հավանաբար չէր