Էջ:White Varsenik.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա դրավ, հորը պես հանդիսավորապես հազաց ու խորունկ ձայնով մը ըսավ.

— Չափովս մը կարգվեիր տե, ձեռքերնուն խալըսեինք, քաշվելիք բան չէ քի, տանը մեջ ուր դառնաս մը աղջիկ...

Բոլորը միասին սկսան խնդալ, բացի Սիրանուշեն, որ քիչ մնաց պիտի լար։

— Աղե՛կ, կա՜րճ կապե,— ավելցուց,— ամառ է, աղբյուրները չորցած ին, արցունքը պիլե էքոնոմի անելու է հիմաճուկս։ Մենք չեխն ալ, թոխաթն ալ կուտինք կնստինք, ամա ասոնց մազին թելին դպիս նե՝ Յալդարա մը կձգին քի...

Կհիշեր նաև օգոստոսի այն աղվոր առտուն, երբ դրսեն վազելով տուն եկավ.

— Վա՛րսենիկ, քեզ Ստամպոլ տանող չորս պաճալըն Թրիեսթեն կուգա կո, մախսուս տուն եկա քի, քեզ իսկելեն պտտցնելու տանիմ, շափովս մը հագվե տե էթանք...

Ո՞ր հովը փչած էր արդյոք։ Կհիշեր, որ անսահման հըրճվանք մը զգացած էր ինք ու եթե չամչնար, անմիջապես պիտի՛ բարձրանար ու հագվեր։ Մայրը, որ քիչ մը անդին կաշխատեր, զգացված ձայնով մը ըսավ.

— Քրոջդ հետ դուրս պիտի ելլես նե, դո՛ւն ալ գնա՛ հագվե։ Սիրա՛նուշ, աղջիկս, դուն ալ հետերնին գնա՛...

— Չէ՛, Սիրանուշ-միրանուշ չուզեր իշտե,— ըսավ գլուխը ցնցելով։

— Սա՛ ապուշին նայեցեք,— ընդդիմախոսեց Սիրանուշ,— քեզի հետ եկողը ո՞վ է որ, ես Վարսենիկին հետ պիտի էրթամ...

Ի՜նչ հաճելի, ի՜նչ ուրախ պտույտ մը ըրին։ Արշավիր՛ կքալեր իրենց երկուքին միջև սեղմված՝ շաղակրատելովը անընդհատ սիրուն խոսք մը գլորելով ու ինք է՛ն առաջ խընդալով։ Իր կիրակնօրյա հագուստներուն մեջ իրապես գեղեցիկ էր: Աղվոր ու արթուն աչքերը չարութենեն կկայծկլտային ու սրամտությունը, վայրկյանը անգամ մը, շրթներուն վրա ծաղկի պես կծլեր։ Գլխավոր խըզը հույներուն դեմ էր, նաև տաճիկներուն։ Ի՜նչեր չէր հնարեր ծաղրելու համար զանոնք։ Հազիվ ծով հասած՝ դեմքը ճառագայթեց ու ամե՜ն գնով ուզեց մակույկ մը վարձել, բացվելու, մինչև նավ հաս—