Էջ:White Varsenik.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աչքերուն խորը համակրանքի անզսպելի արտահայտություն մը կար։ Ավելին նույնիսկ, իրեն թվեցավ, թե հուզված էր, ձայնը՝ երբ խոսեցավ, կարծես կդողար։ Քիչ մը վարանելե հետո ըսավ.

— Վիեննայեն եկած եղանակ մըն է, Յոհան Սթրաուսի «Գեղեցիկ Կապույտ Դանուբը»։ Վահան, անգամ մը մեկտեղ լսեցինք, մոռցեր ես...

Ամբողջ գիշերը ու հետևյալ օրեըու ընթացքին այդ չնչին դեպքը չկրցավ մոռնալ։ Ննջասենյակը մութին մեջ անհանգիստ սրտով կսպասեր, որ նախ Զարուհի լռությունը խզե։ Բաց պատուհանեն գիշերվան զով շունչը կլենար ներս։ Խառնիխուռն մտածումներ, հուզումներ, հիշատակներ կարգ առ կարգ կուգային ու կխռովեին զինքը։ Վաղը երկրորդ ժամուն իսկ՝ գրահաշիվ ունեին ու ինք պատրաստ չէր։ Արմինեին խոստացած էր սիրային վեպ մը տանիլ ու գիտեր, որ առտուն պիտի ամնչնա կրկին Վահանեն, որ ամեն անգամվան պես անշուշտ չպիտի հավատար, որ իրեն համար չէ։ Անշուշտ իրավունք ալ ուներ, քանի որ հաճախ Արմինեեն առաջ ինք կկարդար տարած գիրքը: Ինչպես մինչև հիմա չէր զգացած, որ տարօրինակ մեկն է Երվանդ։ Անշուշտ զուր տեղը չէր, որ հայրը կսիրեր, գրեթե կհարգեր զայն։ Հարդի փոշին հագուստներուն վրա, դեմքը արևեն այրված, բիրտ ու դանդաղ դարձուձերով, ահա՝ թե ինչպես տեսած էր զայն ու հանկարծ այսօր հանդիպած՝ էր երիտասարդի մը, որ ո՛չ միայն լուրջ էր ու զարգացած, այլ նաև նրբամիտ Էր ու զգայուն։ Պարզությամբ, բնական ընտանությամբ մը ըսած էր,— երեսիդ վերի մասը ու աչքերդ ճիշտ հորդ են։— Տան մեջ բոլորը կսեին թե՝ քիչ մը հորը կնմաներ, բայդ ո՛չ ոք կրցած էր ըսել, թե ի՞նչը կնմանի։ Բնազդով կզգար, թե Երվանդ կսիրեր զինքը։ Ո՛չ միայն կզգար, այլև գիտեր։ Ուրիշ ո՛չ ոքի դեմքին վրա, որիշ ո՛չ ոքի աչքերուն խորը տեսած էր, իր ներկայության, այդ անբացատրելի, այդ աննկարագրելի լույսը, որ կասկած չի ձգեր։

Բայց ատո՞ր համար հուզված էր միթե։ Մերկ սրունքները երկարեց անկողնին մեջ ու դարձավ, բաց պատուհանին ու լուսնին լույսը եկավ ու դեմքը համբուրեց։ Անշուշտ ի՛նչ որ զինքը խռոված Էր ու անձկությամբ խառն հաճույք մը պատ-