Էջ:White Varsenik.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միշտ կարծած էր, թե այդ դեպքը տեղի պիտի ունենար գարնան, երբ իր քաղաքին ցանկապատերուն վրա վարդերն ու այծտերևները պսակ կկապեին։ Առաջին հիասթափությունը նախ հոսկե կուգար։ Շաբաթներ հետո հաղթական արշավի մը գաղափարը չէր կրնար հաշտեցնել այս պղտոր աշնան հետ, որ աղքատ լակոտի մը պես իր հին կոշիկները կքաշքշեր գեշ սալահատակված պողոտաներեն։ Ամեն ինչ իր երևակայածեն տարբեր էր, տարբեր էր ու սովորական։

Այդ ծաղիկներն բեռնավոր պատին տակ, ուր իր բոպիկ ոտքերը կտաքցներ, վերադարձը կերևեր կածանի մը եզերքը, հարս ելած խնձորենիի մը տակ, ճերմակ շրջազգեստով աղջկան մը դեմքով։ Տարիներն ի վեր կհիշեր այդ նույն լուսավոր դեմքը, որ ոչ մեկունն էր անտարակույս։Քանի որ իր մորը աչքերը ուներ, մորը իրիկնային ժամերու գորովով լուսեղինյալ աչքերը, երբ ինք դպրոցեն կվերադառնար ու այդ գեշ տարիներուն հանդիպած բազմաթիվ աղջիկներու դեմքին գծերը։ Մեկուն կզակը՝ ժպտուն փոսիկով մը, ուրիշի մը աղվոր ու նուրբ ձեռքերը, երրորդի մը ձայնը, կգլգլար գիշերները իր մանկոլթյան շատրվանին պես, ծածանելով ամայի հրապարակին վրա։ Նաև շատ քաղցր ժպիտ մը, նշմարված պատերազմի երկրորդ տարվան ընթացքին, պատանուհիի մը շրթներուն վրա, ո՞ւր, ո՞ր գյուղին մեջ, չէր հիշեր այժմ։

Արդ՝ փոխան այս գարնանային դեմքին՝ վերադարձը երևցավ իրեն պոլսական եկեղեցիի մը ժամկոչին կլափով։ Գիշերը առագաստ պարզելեն առաջ պետք էր որ գտներ իր ազգականներուն հասցեն։ Եկեղեցիին դրան շուրջ ձուկի բարկ բույր մը կտատաներ դեռ։ Օրը լռությամբ կհավաքեր իր փեշերը։ Գարնանային ոչինչ կար փողոցին մեջ ու եթե անոթի չըլլար՝ հավանաբար ճամբա ելլեր գարունը հետապնդելու համար։ Լուռ զայրույթ մը կցնցեր մարմինը։ Երիտասարդ մը հուլությամբ անցավ ու ինք՝ ուզեց ենթադրել թե հույն մըն էր, սրածայր ու անպատկառ պեխերուն պատճառավ։

Բացարձակապես չեն փոխված, ըսավ մտքեն, այս հույները։ Կզարմանար թե ինչպե՞ս մարդիկ կրնային նույնը մնացած ըլլալ, ապրիլ իրենց չնչին սնափառություններով, իրենց գձուձ սովորություններով ու այդ պեխերով, որ կհիշեցնեին