Էջ:White Varsenik.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրն ի բուն ու գիշեր ի բուն։ Կկարկաչեր լուր օրի ու տուն օրի, մարդիկ հարսնիքի երթային, թե թաղումի։ Աննկարագրելիորեն կարկաչուն աղբյուր մը, որ կերգեր մարմարյա մամռապատ գուռի մը մեջ։ Աջ կողմեն դափնիի զորեղ բուն մը կբարձրանար ու կծածկեր աղբյուրին ողջ ճակատը, այնպես որ փնտռելով նույնիսկ չէիր կրնար գտնել կառուցման արձանագրությունը։ Գալով փողոցի մյուս կողմին՝ բազմաթիվ պատշգամավոր պատուհաններ կային, լի ռեհանի ու մեխակի թաղարներով, մագլցուն պատուտակներով, ծաղկով լեցուն գոգերով։ Փողոց մը վերջապես, որ գարուն կբուրեր։

Ու քանի առավոտը կուշանար քաղքի այս անհյուրընկալ անկողնին մեջ՝ այնքան հիշատակները կխուժեին վրան նոր ալիքներով։ Կհիշեր հորը աշխետ զամբիկին արձակած ծանր բույրը, երբ ան քրտնած ու զվարթ խրխնջյուններով կմտներ ախոռ, մագնիսված գարիին հոտեն։ Ինք որ չէր գիտեր թե եթկյուղ ինչ է, այդ տարիքին՝ ձեռքը կդներ անոր աղվոր ու փայլուն գավակին վրա։ Ու ձեռքը անմիջապես կթրջեր անասունին քրտինքեն։ Գավակին ու կողերուն միջև՝ եթե ձեռքդ քիչ մը սեղմեիր, կզգայիր անոր որովայնի հևքը։ Զամբիկը թեթև մը գլուխը կդարձներ ու հավատարիմ, խոշոր աչքերով կդիտեր գինքը։ Հայնժամ ինք ավելի կմոտենար ու աջ թևով կգրկեր անասունին վիզը ու ճակտին վրա կհամբուրեր զայն, հույժ աճապարանոք, երկնչելով, որ մեկը կրնա նշմարել զինքը: Այդ պահերուն՝ իրեն կթվեր, թե զամբիկը սիրով կդիտեր զինքը ու երախտագիտությունը հայտնելու համար կխրխնջեր։ Գուցե այս զամբիկին պատճառավ էր, որ այդ աստիճան կսիրեր ախոռին մթնոլորտը։ Հարդի, անասունի ու գարիի բույր մը, գաղջ ալիքներով կզարնվեր դեմքին՝ դուռեն ներս մտածին պես ու տարտամ լույս մը առաստաղեն կիյնար վրան։ Եզները անպայման իրենց խոշոր գլուխները կդարձնեին դանդաղորեն ու կդիտեին զինքը՝ շարունակելով որոճալ։ Անոնց երախներեն ճերմակ փրփուրներ կկախվեին, խառնված հարդի շյուղերու, որ մոլորյալ ճառագայթներու կնմանեին։ Հաճախ ախոռապանին կօգներ, խորին հաճույքով մը, մսուրները լեցնելու համար։ Երբ տան ետևի նրբանցքեն՝ վերջապես կուգար պարտեզ, երեկոն ավելի քաղցր ու ծաղիկները ավելի բուրավետ կթվեին։ Այլ անպայման, անկյուն մը,