Էջ:White Varsenik.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կըլլար, որ մայրը չէր զգար, թե ընտանիքին բոլոր մյուս անդամներեն ավելի կսիրեր զայն։ Երբեմն կատեր նույնիսկ զայն՝ այդ պատճառավ, առավոտները մանավանդ՝ երբ ան զինքը ծունկերուն միջև կառներ իր խառն ի խուռն վարսերը սանտրելու և հարդարելու համար։

— Օրը տասը անգամ ալ որ քեզ մաքրեմ՝ նորեն մուրացկանի պես աղտոտ ես իրիկունը։ Ամեն գիշեր հայրիկեդ կամչնամ։ Ո՛չ հորմեդ, ո՛չ ինձմե, ո՛չ եղբորմեդ օրինակ կառնես։ Ա՜խ, շուտ մը մեծնայիր ու քեզ Պոլիս դպրոց ղրկե՜ինք, ազատվեինք...

Այնքան հաճախ լսելուն հակառակ այդ հանկերգը՝ ամեն անգամ զայրույթեն կցնցվեր։ Գլուխը թոթվեց ու ուզեց փախիլ, բայց մայրը սրունքներուն մեջ սեղմած էր զինքը։ Հուզումեն կդողդոջեր ու կուզեր պոռալ թե՝ Պոլիս երթալ չէր ուզեր, թե չէր ուզեր բաժնվիլ իր մորմեն։ Գուզեր աղաղակել, թե բոլոր մյուս տղաքը իրեն պես էին։ Իր տարիքը տղաք կային, որ ձի կնստեին։ Ուրիշներ՝ որ դաշտերը կելլեին պտուղի գողության։ Իր ընկերներեն մեկը, դպրոցի փողոցին մեջ իսկ, օր մը կից մը տված էր մորը։ Գային, որ ամեն օր գոգնոց կպատռեին։ Գային, որ մելան կլզեին։ Ի՞րն էր հանցանքը, եթե պզտիկ եղբայր մը ուներ, որ պուպրիկի պես մաքուր էր։ Մանչ չէր արդեն այդ տղան, այլ աղջիկ։ Ամբողջ ընտանիքը գիտեր, թե ան փափուկ, նուրբ տղա մըն էր, պզտիկ պարոն մըն էր, ինչպես տնօրենը կըսեր, իսկ ինք հայլազ մը: Օրը քսան անգամ կրկնելու պետք չկար։

Հետո մայրը իր գլուխը դրավ կուրծքին վրա ու անձեռոցի ուժեղ շփումներով չորցուց գլուխը, սրբեց երեսն ու վիզը։ Վերստին ձեռքերը դրավ լագանին մեջ ու ցավցնելու աստիճան լվաց ու շփեց զանոնք։ Ծունկի եկավ ու կոշիկները հանեց, լվաց ոտքերը, սրունքները, ծունկերը։ Գիսամերկ՝ կդողդոջեր լվացարանին մեջտեղը, այլ աննկարագրելի քաղցրություն մը աստիճանաբար կհամակեր մարմինը, կվազեր սրունքներեն ու կուռեցներ կուրծքը։ Լալու փափագ մը կար կոկորդին մեջ։ Վազելեն գնաց սրահ, հետևելով մորը ձայնին ու կեցավ մորը հայելիին առջև, հանդերձակալին։ Տաք արև մը ապակիներեն կլենար ներս՝ օծելով իր մարմինը, խաղալով գորգերուն վրա։ Մեկեն այնքան երջանիկ զգաց ինքզինքը,