Էջ:White Varsenik.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ նոր գյուտով։ Օրերով զվարճացած էր իր ընկերներուն հետ։ Մեկուն, որ առանց լուրջ պատճառի կհայհոյեր։

— Տե՛ գաոս, արտահայտության եղանակդ թուլումպաճիներուն կվայլե, կըսեր, մեխանենիներուն։ Պապայիդ ըսե քի քեզ պոշ տեղը դպրոց չղրկե։

Ուրիշ մը, որ կջանար նրբությամբ ու մաքուր խոսիլ։

— Ո՜հ, որքան հաճելի արտահայտության եղանակ մը ունիք...

Ու խեղճ ստահակները ապշահար կդիտեին զինքը, չգիտնալով, թե ի՞նչ է այդ արտահայտության եղանակը ու ի՞նչ կրնային ընել անով։ Ու քանի անոնց ապշությունը կմեծնար, այնքան հաճելի կգտներ այդ խաղը։ Այդ շրջանին էր, որ սկսավ ծայրահեղ սիրով մը գուրգուրալ հորը առձեռն Հայկաղյանը։ Ժամերով կտքներ վրան՝ տարօրինակ բառ մը գտնելու համար։ Ու ամեն օր խաղը նոր կերպարանք մը կստանար։ Ծայրահեղ ճշգրտությամբ մը կհիշեր այժմ այդ բոլոր խեղկատակությունները։ Հոմանիշներու բառարանը, որ կազմած էր, նաև արգելված բառերու։ Եթե մեկը դիտողություն ըներ՝ ուրախ լրբությամբ մը կխնդար քթին ու կըսեր.

— Հայկազյան բառարանեն ավելի սոֆու եք կարծեմ...

Այս բոլորը, սակայն, վերջ գտան փառավոր ծեծով մը։ Իրիկուն մը՝ Պոլիս բարձրագույն վարժարան հաճախող դրացուհի մը եկած էր մորը այցելոլթյան ու խոշորաձայն, աղմկարար գոռոզությամբ մը գովքը կհյուսեր Պոլսո։ Դրացի կիներ լուռ՝ մտիկ կընեին ղայն, բայց բացահայտորեն ոչ ոք համակարծիք կթվեր գոռոզ օրիորդին։ Ինք կռթնած էր ծառի մը, ձեռքերը գրպանները ու արհամարհանքով կդիտեր այդ աղլջիկը, որ այնքան դյուրությամբ իր հայրենի քաղաքը կուրանար։ Տարաբախտաբար սիրուն ալ էր անիրավը։ Առանց տեղեն շարժելու, գեշ ակնարկով մը զայն չափչփեց ու ընդհանուրին մեղսակցության մեջ ըսավ.

— Ատքան շատ բան գիտես նե, բան մը հարցնիմ, պատասխանն։ Հայերեն ի՞նչ կըսեն միտիային...

Հեք աղջիկը շիկնեցավ մինչև ականջներուն ծայրը։

— Ուլականջ,— հարեց հաղթական ու շարունակեց անգթությամբ՝ փրցնելով շահպրակի կոթուն մը մոտիկ ածուեն,— ի՞նչ է հայերեն անունը այս ծաղիկին ու ո՞ր ընտանիքեն է,