Էջ:White Varsenik.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսա՞ր քի չես գիտեր... Շահպրակ,— ըսավ ծաղրածությամբ,— կպատկանի խաչաձևերու ընտանիքին։ Տաճկերեն շեհպո կըսին...

Մայրը կզգար, որ կկռվեր իր հպարտության դեմ։ Մեղադրանքով լի ակնարկ մը ձգեց վրան, այլ ինք շարունակեց.

— Ո՞ւր կգտնվի հին հայկական Եդեսիա քաղաքը ու տաճիկները ինտո՞ր կկանչին հիմա։ Աս ալ չես գիտեր, իշտե... Ո՞վ հաջորդեց Մեծն Տիգրանին, չե՛ս գիտեր: Ո՞վ էր Նամըգ Քեմալ փաշան, չե՛ս գիտեր: Քեքլիկին հայերենը ի՞նչ է, չե՛ս գիտեր: Պելքի երեքի կանոնը պիլե չե՛ս գիտեր: Պոլիս ի՞նչ կսովորվեցնին ձեզի, թանթելա հյուսել ու պիտիով խոսիլ։ Մեղքը չէ՞ պապայիդ փարան...

Աղջիկը անաղմուկ սկսավ արտասվել ու հակառակ մորը վշտահար ակնարկին՝ մյուս ներկաները սկսան բարձրաձայն խնդալ։Քաջալերված ու ավելի քան անգութ, չգիտնալով անշուշտ, թե ուր պե՛տք է կանգ առնել, չտեսնելով նաև հայրը, որ քանի մը վայրկյանե ի վեր ետևը կանգնած էր՝ շիտակ, ցուրտ, բարկութենե դողահար, ըսավ.

— Ուրիշին հետ պառկելուն հոմանիշը ի՞նչ է...

Հարվածը չգիտցավ իսկ, թե ուրտեղեն կուգար։ Իր սովորական սրախոսությունը «Հայկազյանին մեջ գրված է»ն արտասանելու վրա էր, երբ ապտակները սկսան տեղալ, անօրինակ սաստկությամբ։

— Աս տղան ո՞վ էլած է,— կպոռար հայրը՝ ահարկու զայրույթով մը,— ո՞վ էլած է, ո՞վ։ Հանցավորը դուք ալ եք, խոշխոնաման կնիկներ, մատ մը փիճի ականջ կկախեք...

Արյունը կաթիլ կաթիլ կհոսեր կզակեն, ականջին մեջ կարծես թե թմբուկ կզարնեին ու ոչ ոք կհամարձակեր ոտքի ելլել՝ իր անսանձ մանկությունը ազատելու համար այդ տարերային բարկութենեն։ Ակռաները սեղմեց ու որոշեց չլալ, մինչ իր պղտոր ակնարկին մեջեն կսահեին այդ անմիտ դրացի կիներուն ստվերները։

Հագվեցավ այս հիշատակներուն հետ ու այս հիշատակներուն հետ սանդուխեն իջավ ու առանց սպասելու, գլուխը առավ գնաց Վերգինե մորաքրոջը տունը, որ ընտանիքեն միակը ըլլալով կհիշեցներ իր քաղցր մանկությունը։ Արևի ոսկի փոշին կօծեր դեմքը ու ազնիվ համ մը ուներ՝