Էջ:White Varsenik.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկավ փաթթվեցավ Վարսենիկի ոտքերուն։ Իր ուշիմ անասունի աչքերը աղջկան ուշադրությունն ու գորովի արտահայտությունը կպաղատեին։

—Է՜հ Թաթար,— ըսավ Վարսենիկ՝ գրեթե հեծկլտալեն,— գնա՛, քնացիր...

Բայց շունը չէր ուզեր հեռանալ։ Փափկությամբ գլուխը շոյեց ու զայն հրեց անդին։ Հապճեպով դուռը բացավ ու բարձրացավ երկրորդ հարկը։ Ննջասենյակին դուռը բաց էր։ Արևը դեռ կհապաղեր անկյունները։ Ծաղիկները նետեց աթոռի մը վրա ու ջղային արագությամբ մը շրջազգեստը հանեց: Սիրտը վիրավորված՝ կտրոփեր կուրծքին տակ ու հեծկլտուքը կխեղդեր կոկորդը։ Կիսամերկ ու արևաթաթախ նետվեցավ մահճակալին վրա ու արտասվեց իր կորուսեալ մանկությունը, անգիտությամբ մը՝ որ ավելի տաժանելի կդարձներ զգացած դառնությունն ու ցասումը։

Խոշոր ու ցավագին հեծկլտուք մը կցնցեր ամբողջ մարմինը, ուսերն ու կուրծքը կելևէջեին ու շրթները կվառեին։ Ու ինչ որ անտանելի էր, Գող-Տոնիկ ու իր բոլոր ընկերները ականջին մեջ կպոռային, իրենց արուի գեշ ձայներովը,— «Ճերմակ Վարսենիկս»։

2

Երբ իրիկնային արևը մեծ շուկային շատրվանին եզերքը քերելով՝ վերջապես ինկավ ընդարձակ գրասենյակ֊վաճառատան առաջամասը, Հայրապետ արա Մահտեսյան հազաց, շապկին թևերը որ սոթթած էր՝ իջեցուց ու կոճկեց, թիկնոցը հագավ ու խոսքը իր գրագրին ուղղելով քիչ մր խռպոտ, ոգելից ըմպելիե ու ծխախոտե ավրված ձայնով մը ըսավ.

— Է՛,ծե Կարպիս, պերպերին կերթամ կո, Ահմետին ըսե քի չեյրեկ սահաթեն նարկիլե մը բերե...

- Փեք աղեկ, Հայրապետ աղա, — պատասխանեց գրագիրը ու անհետացավ։

Հայրապետ աղա Մահտեսյան շուրջ քսանհինգ տարիե ի վեր կզբաղեր արմտիքի մեծաքանակ արտածումով։ Հոր մահեն հետո գործին ղեկավարությունը ստանձնելով, արագորեն ընգարձակած էր գործունեության դաշտը։ Ամբողջ ծովեզերքի