Էջ:White Varsenik.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տված էր մեզի հանդեպ։ Գուցե կրնայինք երթալ գրկել զինքը՝ վերստին կյանքի հորձանքին մեջ նետվելե առաջ։

— Մտի՛կ ըրե,— կշարունակեր Արշամ,— իրենց փորձառությունն իսկ նախապատերազմյան է։ Ամեն ինչ կդատեն առնվազն քսանհինգ տարվան ակնոցներով։ Ու չեն ուզեր՝ ըմբռնել, թե ժամանակեն առաջ հասունցած մարդիկ ենք, կյանքը եփած է մեզ...

— Երիտասարդները միշտ իրավունք ունին ծերերուն դեմ։

— Ինչո՞ւ,— հարցուց Արշամ՝ անակնկալ կերպով և աշխատանքը ընդհատելով։

— Որովհետև երիտասարդ են,— ըսի հանդուգն շեշտով մը։

Գուցե չէի գիտեր, թե ինչ ըսել կուզեի, բայց Արշամ վայրկյան մը վարանելե հետո, համոզված թվեցավ։

Բայց ճիշտ այդ պահուն էր, որ ընդհանուր հսկիչը մտավ ներս՝ հանդարտ քայլերով։ Երկվայրկյան մը դիտեց մեզ ու հաստատակամ ձայնով մը ըսավ.

— Ձգեցե՛ք այդ պայուսակները, ու անմիջապես հետևեցե՛ք ինձ...

Արշամ երկարորեն դիտեց զիս, իսկ ես ընդհանուր հսկիչը։ Մեր ակնարկները ցրտությամբ հանդիպեցան իրարու: Բայց անծանոթ ուժ մը զիս մղեց հնազանդության։ Գլխահակ հետևեցանք այդ մարդուն, մինչ մեր անցքին վրա՝ տղաքը անձկությամբ կսպասեին դեպքերու զարգացման։ Երբ իր գրասենյակը հասանք՝ նույն հանդարտ պաղարյունությամբ գնաց նստասեղանին առջև ու գլանիկ մը վառեց։

- Բաբկեն, ձեռքերդ գրպանեդ դուրս հանե,— ըսավ մեղմորեն, — հոս անապատը չես...

Անձայն ըրի, ինչ որ կըսեր, միշտ դիտելով զինքը։ Ու անգամ մը ևս մեր ակնարկները խաչաձևեցին իրար։

— Այո ,— հարոց մեղմորեն ու նույն հաստատ ձայնովը,- հոս անապատը չեք։ Ահա՛ այս կետն է, որ չեք ուզեր հասկնալ։ Մենք ալ ձեր տարիքը ունեցած ենք ու գիտենք, թե ինչ կնշանակե անսանձ ազատութենեն հետո՝ ստիպված ըլլալ ընդունիլ նվազագույն կարգապահություն մը։ Ու կյանքը իր օրենքները ունի...

— Տաճիկներն ալ օրենք ունեին,— պատասխանեցի ուղիղ