Էջ:White Varsenik.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14

Դեկտեմբեր տասնըութը

Մեր քաղաքին աղբյուրներուն պես՝ ողջ գիշերը կկարկաչե կարծես այդ ծածուկ ձայնը։ Մեր քաղաքին սլացիկ ծառերուն պես՝ ողջ գիշերը կսարսռա այդ պատկերը հոգվույս ջրերուն վրա։ Ինչպե՞ս պիտի բուժվիմ այս տրտմութենեն։ Ու ինչո՞ւ միշտ զարնված թռչունի մը պես եմ, որ արշալուսային երկնքին խորը կուզե իր վերջին գեղգեղանքը արձակել՝ իր շունչը ավանդելե առաջ։

Ինձ կթվի, թե դեմքս հայելիի պես է ու կբավե աչքերուս խորը նայիլ, կապտելու համար անոր չքնաղ պատկերը։ Ինչպե՞ս կըլլա, որ ընկերներս չեն նշմարեր զայն։ Կրնա՞մ միթե, օրն ի բուն, գաղտնի սիրով մը իր անունը չարտասանել։ Իր անունը երգի մը պես է, որ կծածանի վրաս, երգի մը պես, որ իր վանկերուն մեջ կպահե կյանքին ամբողջ բանաստեղծությունը։ Կերգես իր առաջին խաղերը ու կզարմանաս, թե ինչպե՞ս հեռավոր հիշատակներ, մեկեն, իրենց սիրուն գլուխները կցցեն։ Եղրևանի մը ծաղկի պատի մը վրա, դաշտային ճամբե մը կլսվի բոժոժի մը ձայնը ու մարմինդ կզգա շարականի մը բուրումը։ Իր անունը մոգական բառի մը կնմանի, որով կրնաս հեղակարծորեն անցելոցն վարագույրը վերցնել ու հիշել է՛ն չնչին մանրամասնությունները։ Ահա կպատռի մշուշը ու ան կքալե հանդարտորեն քովեդ։ Անոր բուրումը կօծե դեմքդ։ Արևի փշուրներ կան իր մազերուն մեջ ու իր շեն կուրծքերը կարծես պիտի պատռեն թեթև կրծկալը։ Կարծես թե պիտի ծռի վրաս ու աչքերս պիտի համբուրե։ Ինչո՞ւ այժմ իսկ երևակայությունս չի համարձակիր զայն իր անունովը սիրել։ Ինչո՞ւ բազուկներս չեն համարձակիր գրկել զինքը իր ուսերեն։

Մանուկի մը պես երևակայությունս կդեգերի իր փեշերուն շուրջ, առանց շրթունքները բանալու։ Արդարև մանուկ մըն եմ միայն, որ իր հասակեն վեր ցավով մը կտառապի։ Կուզեի, որ շուտով գարունը գար ու ծառերը ծափեին, առտվան հովին մեջ։ Կուզեի, որ մայիսյան վարդերը կարմիր նշույլներով լուսավորեին պարտեզները։ Աչքերս կթրջին ու հոգիս կուլա, մեղմորեն, ճիշտ բարի մանուկի մը պես։