Էջ:White Varsenik.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


որ կերևեր անկողինես։ Ակնարկս կառչած մնացած էր երկնից այդ հրավառ կտորին ու խոշոր ողկույզի մը, որ նույնպես կվառեր սարփինային աշնանահար տերևուտքին մեջեն։ Կուզեի ոտքի ելլել վստահ ըլլալու համար, թե հայրենի տանս մեջ եմ, բայց մարմինս չէր հնազանդեր ինձ։ Ու կուրծքիս խորը հաճելի ցավ մը կար։

Հավանաբար աչքերս փակած էի, քանի որ երբ վերստին նայեցա շուրջս՝ լուսնկա գիշեր էր։ Վտակ մը խոխոջելեն կվազեր մարգագետնի մը մեջեն։ Ջրին եզերքը ուռիներ կային։ Ես ու Արշամ՝ մեր տաբատները հանգրիճած, կջանայինք խեչափառ ու գորտ որսալ։ Արշամ կպնդեր, թե գորտերուն ազդրերը ճերմակ ու համեղ էին։ Իսկ ես կնախընտրեի խեչափառները, որոնց գորշ պատյանները կրակին բոցեն արագությամբ կկարմրին։ Անհանգիստ շարժումներով Արշամին հետ վիճելու վրա էի, երբ մայրս մոտեցավ ինձ, ծռեցավ անկողնիս վրա ու ճակատս համբուրեց։ Աչքերուն խորը արցունքի կաթիլներ կային։

— Մայրի՜կ,— ճչացի ցավով,— կկարծեի, թե մեռած էիր...

— Մայրերը բնավ չեն մեռնիր, տղա՜ս, աղվոր տղաս,— ըսավ բազուկներուն մեջ գրկելով զիս, ու օրորելով,— քիչ մը քնացիր...

Դողահար ձեռքերով կշոշափեի ուսերն ու հետո իր դեմքը, վասնզի, չէի ուզեր հավատալ, թե կրնա ողջ ըլլալ։ Բայց երբ ռունգերս զգացին իր մուշկե բուրումը՝ խորին գորով մը ցնցեց մարմինս։ Վիզը նետվեցա ու երկարորեն համբուրեցի զայն։ Արտասուքի կաթիլները աչքերես առատությամբ կհոսեին ու կթրջեին այտերս ու բերանս։ Երբեք կյանքիս մեջ այդքան երջանիկ չէի եղած։ Գլուխս դրած էի անոր կուրծքին վրա, ու իր ձեռքերը կսեղմեի ափերուս մեջ։

— Մայրի՜կ,— հծծեցի,— միայն ինծի համար երգեհոնիկ նվագե...

Մայրս զիս մեղմորեն հանգչեցուց բարձին վրա ու ոտքի ելավ։ Հայնժամ միայն նկատեցի, թե ճակտին վրա խորշոմներ կային ու իր հարուստ վարսերը սպիտակած կամ թափած էին։ Բերանը ևս ծերացած էր ու ձեռքերը թարշամած։ Սար-