Էջ:White Varsenik.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տասարդ աղջիկը կդիմե իր կատարելության։ Արդ կնոջ կատարելությունը մարդուն անկման սկիզբն է։ Տղամարդը եթե կուզե իր ճակատագիրը լրության տանիլ պետք է ամուսնանա հիսուն տարեկանեն հետո, երբ ստեղծագործական կարողությունները կքաշվին իրմե ու երբ բեղուն կյանքե մը հետո հանգիստը իր իրաւվունքն է։

դ) Ո՞ր երիտասարդն է, որ կրնա խուսափիլ այս երազեն: Բաղեղներու մեջ կորսված տնակ մը, շրջապատված պարտեզով։ Քիչ մը հեռուն վտակ մը, իր խոխոջյունով։ Հեռո՜ւն քաղաքին աղմուկն ու շենությունը։ Ու կածան մը, ուր գարնան ամեն ինչ երգ է ու ծաղիկ։ Կտուրին տակ ծիծեռնակներ, որ վաղ առավոտյան կսկսին ծլվլալ։ Սովորական ու դասական երազ մըն է ասիկա, բայց չկա զգայուն մարդ մը, որ ասոր մոտեցող հուզումներ չունենա։ Ու երիտասարդ կին մը՝ համակ քնքշություն ու համակ գորով, որ իրիկունը ճամբուն վրա կսպասե վերադարձի ժամուն։ Սիրուն մանուկներ, որ դարնան հետ կաճին։ Բայց տարբեր է կյանքը։ Ու ամեն ինչ դժվար է կյանքի մեջ։ Ու ամուսնությունը, գրեթե միշտ, ճակատագրական սխալ մըն է։ Արդարև, չկա ընտրություն մը կյանքի մեջ, որ զղջում ձգե իր ետին։ Արդ ամուսնությունը ընտրություն մըն է, որ հանձնառության տակ կդնե մարդուս ողջ ապագան։ Ու ոչինչ կարելի է ընել այս հիմնական անպատեհության դեմ: Պետք է ուրեմն, որ կարելիության սահմաններուն մեջ ու աստիճանաբար ամուսնական շղթաները թեթևնան ու անհատը հաջողի անխախտ պահել իր էությունն ու ազատությունը։ Այս բոլորը իսկ խոսքեր են սակայն, քանի որ երբ սիրո հովը կելլե՝ չկա երիտասարդ մը, որ չդողա սարսուռե։ Իցի՜վ թե կյանքը պարգևեր ինձ հանդարտ իմաստություն մը՝ շատ ձախող ընտրություն մը չընելու համար։

* * *

Քունը կկաթկթե աչքերես ու ձեռքես կմսին։ Անտարակույս, պիտի շարունակեի արտագրությունս, եթե այս բոլոր հիշատակները չխուժեին վրաս։ Գլուխս քաշել վերմակիս տակ ու թույլ տալ, որ անցելույն այս փրփրուն ու տաք ալիքները ոռոգեն զիս:

Հոգիս կնմանի բարտիի մը, որ կսարսռա հովին է՛ն աննշան շունչեն։ Կհիշեմ ինչ որ իսպառ կորուսյալ կթվեր. տա-