Էջ:White Varsenik.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անորոշ ձգտումներ կխուժեին ուղեղին մեջ, ամբողջ մտածածը ըսելու և մեկնելու անընկճելի ծարավ մը կցնցեր մարմինը։ Այդ մտածումներուն և տառապանքին հետ ալ քնացած էր, առավոտյան դեմ։ Բայց զարթոնքի զանգակին հետ չէր կրցած արթննալ, գլուխը ծանր էր ու մարմինը ջերմի մեջ։ Ի՜նչպես լավ կհիշեր այժմ այդ անձրևոտ ու մութ առավոտը։ Երբ աչքերե բացավ՝ բարձին քով կեցած էին տնտեսուհին ու օր. Սարգսյանը, որուն աչքերուն մեջ զգաց իրական գորովի ու համակրանքի ջերմ նշույլ մը։ Օր. Սարգսյան իր բարակ ձեռքերով ճակատը շոշափեց ու ավրված մազերը շտկեց.

— Քիչ մը տաքություն ունի,— ըսավ մեղմորեն դառնալով տնտեսուհիին:

Ու այդ առաջին դառնությունը ճերմակ ամպի պատառի մը պես անհետացավ։ Այժմ ո՛չ միայն վարժված էր դպրոցի կյանքին, այլ նաև գուցե կսիրեր զայն։ Ինչ քաղցր էին աշխատանքի ժամերը երբեմն։ Երբ հոգներ կամ ձանձրանար դասերը պատրաստելե՝ գողունի վեպ մը կբանար ու սերտողությունը երազի մը պես կսահեր կերթար։ Արմունկները գրասեղանին՝ կընկղմեր ընթերցումին խորը: Ու ամեն ինչ կմոռնար,— ժամանակը, շրջապատը, ընկերուհիները։ Մերթ ընդ մերթ սրահին լռության մեջ կլսվեր օր. Սարգսյանի մատիտին հարվածը սեղանին վրա,— թըք, թըք։ Պա՞րզ էր, թե ոչ։ Մի անդամընդմիշտ արգելված էր խոսակցությունը սերտողության ընթացքին, հետևաբար՝ լռեցե՛ք, խնդրե՛մ։ Անձրևոտ օրերը՝ մանավանդ, երբ դուրսը մթին ու ցուրտ կըլլար գիշերը՝ ներսի մտերմի՜կ մթնոլորտը իրապես հաճելի կդարձներ ընթերցումը։ Այնժամ ամե՛ն ինչ քաղցր լույսով մը օծված կթվեր։ Ընկերուհիները, առանց բա՛ցառության, կստանային անիրական շնորհ մը։ Ոչի՛նչ ավելի հուզիչ կթվեր, քան այդ վարսառատ գլուխները, որ գրասեղաններուն վրա ժրությամբ կհակեին։ Երբ պարբերաբար դուռը բացվեր, միջանցքեն կլսվեր պատի մեծ ժամացույցին միօրինակ աղմուկը։ Երբեմն օր. Սարգիսյան կբարձրացներ գլուխը աշակերտուհիներու տետրակներուն վրայեն, որ սեղանին վրա դիզած կսպասեին սրբագրության ու լայն ակնարկ մը կպտտցներ սրահին վրա։ Միշտ բարձրանալու պետք չուներ, ո՛չ, դիանալու համար, որ դասերով կզբաղին, թե վեպ կկար-