Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


- Գնաս բարով
Չգաս տարով,
Պարո՛ն Խատիսով,
Այս երկիրը մերն ա հիմա,
Մերն էլ կը մնա...


23. «Չաստուշկաներով»- շուտերգ կամ երգաքառյակ։ Այսպես են կոչվում ռուսական ժողովրդական քառատող բանաստեղծությունները` քնարական և կատակային բովանդակությամբ, երգային որոշակի եղանակով:

24. «Որքան էլ հոգիս ձգտի դեպի ձեզ» կամ «Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան. - մեռա՛ն` չկորան» - Հ. Հակոբյանի (1866-1937) «Իմ աշխարքը» և «Մեռան` չկորա՜ն» բանաստեղծություններից են (առաջինը բնագրում՝ «Որքա՜ն էլ ուզեմ ձգտել դեպի ձեզ»): Հակոբյանի լավագույն բանաստեղծություններից են, և Չ-ը ճիշտ չի գնահատում դրանք:

25. Գեղարվեստական ագիտացիա` զրույցներ, գեղարվեստական երեկոներ, միտինգներ, ցույցեր և այլն - Ծանոթագրվող հոդվածի առաջին մասը տպվել է ԽՀ № 132-ում հունիսի 16-ին. հաջորդ օրն արդեն ԽՀ № 133-ում տպվում է ազդ. «Բոլորին, բոլորին, բոլորին.- Երեքի գրական գրուպան առաջիկայում կազմակերպելու է գրական բանավեճեր, դասախոսություններ, երեկույթներ, միտինգներ և ցույցեր: Հրատարակելու է պլակատներ, պատի բանաստեղծություններ, թռուցիկներ և կոչեր։

Սրբեցեք ձեր աչքերն ու ականջները ե պատրաստվեցեք տեսնելու և լսելու:

Մանրամասնություններն առանձին աֆիշաներում:

Երեքը»:

Շուտով հրապարակվում են և «աֆիշներ», կազմակերպվում երեկոներ, շեփորահանդեսներ, հրապարակվում է «3» բյուլետենը: Նկատենք, որ այս ամենը շատ էր հիշեցնում ժամանակի ռուս ֆուտուրիստների գրական «կենցաղը»` աֆիշներով («Всем... Всем... Всем..»), հանդեսներով, ցույցերով և այլն:

Հուլիսի 8-ին հրավիրվում է առաջին երեկոն։ ԽՀ № 150-ում հայտնվում էր.