Էջ:Yeghishe Charents, Colleced works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր—
Մի հին իրիկուն,
Հեռու երգերի խնդավառ օրոր,
Հարսանքի հանդես,—
25 Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…

է՜, քնե՜լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին։
30 — Մի՜թե, երբեմն, չէի՞նք միասին…
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր,
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ…
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

— Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ․
35 Դու երբե՛ք, երբե՛ք ինձ չես ժպտացել—
Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար…
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր—
Դու չեկար, չեկար,—
40 Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի—
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի…

Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ,
45 Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի,—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր
բերի։