Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճամփան` ոլորուն դեr իջնում էր վար,
Դեպի դաշտերի գիրկը, ուր չկար
Մարդկային աղմուկ ու երգ ու շառաչ,—
100 Երազ էր կարծես` անապատ դառած:
Ու լուռ էր. այնպես։ Վայրկյանն էր հոսում։
Ու հին լռության լաբիրինթոսում
Սպասում էին դաշտ, հովիտ ու քար—
Կարծես թե մեկը այցի պիտի գար։

VII


105 ...Եվ մի օր ես այն հին վանքը մտա։
Շուրջը կաղնիներ հաղթ բազմել էին։
Երգում էր անուշ զանգը հնամյա
Ու թախծում էին գորշ քարերը հին։
Եվ այն հին վանքի կամարների տակ,
110 Ուր մի անիմաց, անիմանալի
Գոյության ճախրում կա լուրջ ու պարփակ՝
Ես ծունկ չոքեցի աղոթքներով լի։
Թեկուզ չվառվեց տոնական բույլով
Ջահր վերևի, ջահը հազարաչ.
115 Թեկուզ չբացվեց վարագույրը մով
Եվ ո՛չ մի ծնծղա անուշ չզնգաց.
Թեկուզ ոչ մի երգ չլսվեց վանքի
Այն հազարամյա կամարների մեջ—
Բայց հոգիս զգաց մի հին բերկրանքի,
120 Բախտավորության ու սիրո վայրէջք։
Եվ սիրտս լցվեց անհուն մի խնդում։
Հասկացա, որ կա, կգա, կլինի...
Ու ժպտում էր ինձ երկիրը տրտում,
Երկիրը ցավի, սուգի, արյունի...