Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարուստների ստեղծած իրավունքը արնատառ,
Ասին՝ ամբողջ աշխարհում մի՛ իրավունք միայն կա՝
Մարդու քրտինքը զուլալ ու աշխատանքը արդար։
Հողերն առան, ցանեցին աշխատունակ, ժրաջան,
Գործարանները մի նոր հպարտությամբ երգեցին,
Մինչդեռ երկրի ծայրերից թշնամիներ բարձրացան,
Որ հետ խլեն կարգը նոր ու հաստատեն կարգը հին:
Բայց էլ զինվոր էր հիմար բանվորն ու զուրկ գյուղացին,
Բազմահազար հրացան ու թնդանոթ ուներ նա.
Հավաքվեցին բյուրավոր ու բանակներ կազմեցին,
Որ մարտնչեն մինչև վերջ, մինչև ոսոխ չմնա։
Ելան, հաստատ, որպես սար ու սարի՛ պես անսասան,
Կուրծք տվեցին բյուրավոր ահեղազարկ հարվածի,
Հազար կռիվ արեցին, բայց պարտության չտեսան,
Հազար կռի՛վ արեցին ու բոլորին հաղթեցին։
Ու կռվում են հիմա էլ, որ հետ չտան էլ երբեք
Իրավունքը բանվորի, որ անսասան է արդեն.
Բարձրացել են նրանց դեմ ունևորներն ահաբեկ,
Բայց կռվում են՝ նրանք դեռ—ու կհաղթե՛ն, կհաղթե՛ն:
Չե՜ն տա նրանք էլ իրենց ձեռքից զենքերը իրենց,
Չե՜ն տա թշվառ գյուղացու հողը նորից ավարի.
Ինքն իրեն տե՛ր կմնա էդ ժողովուրդը էդպես —
Մինչև երկիրը սառի, մինչև արևը մարի։
Չկա կյանքում էնպես ուժ, որ կարենա պայքարել
Աշխատավոր բանվորի էլ. կուտակված ուժի դեմ։ —
—Փա՞ռք բանակին նրանց կուռ, նրանց կամքին պողպատե,
Ժողովրդին, որ կյանքում իր բախտի տերն է արդեն: