Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Կարծես մանկական կապույտ երազում
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։
Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ոչ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։

Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։
20 Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
Աշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ,
Արևի շնչով լվացված կարծես։
Իսկ ճամփան, անծայր իրանը փռած․
Թավալվում էր, մի հսկա օձի պես։

25 Թեթև քայլերով ու սրտով թեթև
Քայլում էինք մենք կայտառ ու ջահել։
Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝
Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել.․.
Նայում էին մեզ լեռները պարթև՝
30 Կոչումն է նրանց — հավիտյա՛ն նայել։

Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք.
Վրաններն արդեն զարկըված էին,
Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
35 Զնգացին նորից հազա՛ր երգ ու վանկ
Եվ վերջին անգամ պղպջաց գինին։

Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
Եվ չորս դին փռել արծաթե մշուշ,
Երբ հոգնած մտանք վրանները մեր,
40 Խոտերի վրա պառկեցինք անուժ.
— է՜, բարի գիշեր, անգին ընկերներ,—
Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ։