Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մանկական շրթներըս կախած
Ես տեսնում եմ մորս
35 Նորից —
Ստինքները` երկու ձագար...

Դեռ հոգիս մի նետ է հանգիստ`
Օրերիս աղեղին կպած:

Հեռևում — մորմոքը զանգի։

40 Ահա հայրս հագին կապա...

Նրա դեմքը` արծաթե ափսե,
Վրան քիթը` կեռ մի դանակ:
Թափել է ժամանակն անսեր
Մազերին — ճերմակ նիրվանա:

45 Ահա մայրս` գնում է ջրի,
Գլխին` Թեհրանի լաչակ...

Սուլում է քամին Նայիրի —

Ուզում եմ բարձր ճչար:

Պարզում է ձեռքերն առաջ
50 Հոգիս, որպես որբ տղա. —
Ուզում է — արևկեզ հարավ,
Ուզում է արևի ծնծղան...

Իսկ երբ մայրս մազերին իր ձյուն
Դնում է ոսկեմուգ հինա —
55 Թվում է` մազերի միջով
Ես կարող եմ Թեհրան գնալ...