Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

II


Եվ ուրախ էինք այսպես — երեք օր։
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
45 Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած։
Եվ կամաց֊կամաց դարձավ վիրավոր
Մեր հոգին ջահել ու բազմաերազ։

Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն։
50 Անձրևներ էին մեր գլխին տեղում։
Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝
Իր ծայրը թաղած մեգ֊մառախուղում։
Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝
Անձրևների տակ մրսում էր, դողում։

55 Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ։
Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար։
Փտել էր արդեն անձրևների տակ․
Ի՞նչ ցեղից էր նա—այդ ո՞վ կիմանար։
Իր ապրած կյանքից ամեն հիշատակ
60 Սրբել էր, տարել անձրևը վարար։

Երկա՜ր կանգնեցինք։ Մի զինվոր֊ընկեր
Դիակն հրելով, խնդաց խելագար։
Բայց չէ՞ որ նա՛ էլ կրել է զենքեր,
Եղել է մեզ պես կյանքի սիրահար։
65 Ես մտածեցի՝ գնում ենք մենք է՛լ
Այսպիսի դիակ դառնալու համար։

Եվ անցա առաջ։ Լեռներից անգին
Երևաց հանկարծ արեգակը հուր։
Եվ ես մոռացա այն այլանդակ դին,