Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

125 Մի անհուն կսկիծ ուսերիս առած՝
Լուռ քայլում էինք արնաբույր տոթում։

Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք։
Անունն էր միայն, իսկ ինքը չկար։
Այլանդակ գուղձեր՝ դևի ապարանք։
130 Մնացինք՝ գիշերն հանգչելու համար։
Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք
Զրույցներ արնոտ ու խայտանկար...

III


Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին,
Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ։
135 Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին,
Բայց տրտունջ չկար մեր հոգու համար։
նախատում էինք տրտնջացողին,
Դեպի նա դառնում անողոք ու չար։

Ես չեմ մոռանա մեր վերելքը սեգ
140 Դեպի լեռների գագաթներն անտես։
Այնքան գեղեցիկ չի՛ եղել երբեք
Տոկացող կամքի ծառացումը վես։
Թվում էր՝ թրւիչք ու թևեր ունենք,
Հնոցնե՜ր կային մեր կրծքում ասես։

145 Սառած ճամփեքով գնում էինք մենք՝
Աշխարհի բեռը ուսերիս առած։
Իսկ ձյունոտ ճամփան խաբող էր ու նենգ՝
Սայթաքում էինք, բայց անցնում առաջ։
Վագրերի նման ճկուն էինք մենք՝
150 Աչքերս ձյունոտ գագաթին հառած։