Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկած էր արնոտ խաղողների տակ՝
Նրանց ստվերին ընկեր էր դարձել․․․
Ու չռվել էին աչքերն այլանդակ՝
Իրենց մեջ պահած անանուն հարցեր։

265 Ընկերս դողաց ու ընկա գետին։
Ջո՜ւր, շշնջացին շրթերը նրա։
Տարտամ մոտեցա այգու ջրհորին,
Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝
Ուզեցի նայել հատակի ջրին—
270 Ոչինչ չերևաց։ Պարան կար։ Առա։

Ու կախ տվեցի անտակ հորի մեջ։
Լսեցի հեռու ճղփոցը ջրի։
Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես։
Տակառը մի տեղ զարնվեց քարի։
275 Էլի մի վայրկյան․․․ Եվ հանկարծ ասես
Դեմս ոգիներ ելան շուրջպարի։—

Չռված աչքերով նայում էի ես
Ամանում լցված ջինջ, հստակ ջրին,
Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր
280 Հանդարտ, անաղմուկ օրորվում էին։
Ճիչը սրտում զսպելով հազիվ՝
Ջրհորի մոտից հեռացա լռին։

Հարբածի երեր, տարտամ քայլերով,
Որպես հալածված երկու ուրուներ-
285 Մենք դուրս վազեցինք հուզված ու խռով․
Եվ սարսափահար հայացքները մեր
էլ չէին տեսնում ո՛չ այգի ո՛չ ծով,
Ուր սատանա՜ն էր իր թույնը քամել․․․