Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ բերեցին ահա, շրջապատած,
Մեր զինկոմին՝ տկլոր, որպես մորութ։
250 Նա քայլում էր հաստատ, գլուխը բարձր,
Կարմիր դրոշ ուներ կարծես բռնած
Իր կապույտ, իր լուրթ աչքերում։

Կախաղանի ներքև
Դրված էր մի արկղ։
255 Սապոնի էր՝ վրան գրած «Բոդլո»։
Նա բարձրացավ վրան՝
Բա՜րձր, բարձր.—
Օ, ինձ այնպես թվաց, թե շուռ կտա հիմա
Երկրագունդը ոտով։

260 Նա նայեց այդպես իրա շուրջը՝
Հայացքը որպես գերանդի։
Ու գլխատեց կարծես նա հայացքով իր այդ —
թշնամական վաշտեր ու բանակներ անթիվ։

Ուզեց ինձ էլ հանկարծ
265 Կարծես հնձի։
Հասկանո՞ւմ եք՝
Նա
Նայում էր -
Ինձ
270 Եվ ճանաչե՞ց արդյոք,
Հասկացա՞վ,
Հասկացա՞վ արդյոք, որ հայացքը
Կախաղան էր՝ իմ դեմ ահազարհուր կեցած։
Բայց չտեսա էլ ես։
275 Էլ չիմացա։
Երբ նայեցի հետո՝ նրա դին
Արդեն կախված էր ցած։