Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չտեսնված մի, քանդող խանդով
75 Շաչում էր շուրջը մի գոռ պայքար․
Ամեն վայրկյանը — մի գործադուլ,
Անդուլ կռիվ մի հերոսական․․․
Սակայն հոգին իր՝ հավիտյան խուլ
Խոլ պայքարին այդ աշխարհաշեն՝
80 Քաշվում էր մեջն իր, ինչպես խխունջ,
Կամ օրորվում էր, ինչպես տաշեղ։
Ուրի՜շ երազ էր նրան հուզել,
Ուրիշ ցնորք մի, սեր հրագույն —
Եվ հարազատ էր նրա հոգուն
85 Միայն այդ հինը։— Օ, նա կուզեր
Հեռու տնակն իր վերադառնալ,
Գտնել առվակը կրկին այն հին։
Ուր իր երգերը կարկաչեին
Երազային ու տխրաբարբառ։ —
90 Սակայն մեր կյանքը սովետական
Նրան թվում էր անթով ու սուտ.
Նրա աղմուկը խորթ էր նրան
Եվ անհաղորդ էր նրա լեզուն։
Նրան թվում էր մեր լույսը՝ ցուրտ,
95 Մեր արեգակը՝ գիշերային,
Մեր քաղաքները՝ ահով լեցուն։
Եվ մեր դաշտերը՝ ամայի․․․
Նրա աչքին մեր Հոկտեմբերը
Ըմբոստ մի բունտ էր անիմաստ։
100 Որի ձգտումն էր ա՛յն բերելը,
Որ լոկ ցնորք է ու երազ։
Եվ մեր հորձանքը՝ երկրում ելած,
Մեր աշխատանքը դյուցազնական,
Նրան թվում էր սին մի երազ,
105 Որ ցնդելու է՝ ծանր ու դանդաղ։